Բնակիչների մտահոգությունները պահպանվում են․ կառավարությունում վարչապետը հանդիպել է կիրանցիների հետ

Կառավարությունում ապրիլի 29-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմից:

«Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,- գրում է գործակալությունը։

Հանդիպումից հետո կիրանցիները լրագրողների հետ չեն շփվել, միայն ասել են՝ ամեն ինչ նույնն է մնում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ասել է․ «Մենք կապ ենք հաստատել հանդիպման մասնակիցների հետ, իրենք շատ հուզված, մտահոգ ու վրդովված են։ Գնահատականներ շատ ենք տվել, այս ամենի մասին շատ է խոսվել։ Մեր այն բոլոր մտահոգությունները, որոնք կային, հաստատվել են։ Այսինքն՝ գյուղը բաժանվում է երկու մասի։ Կամրջի հատվածը, տների հատվածը, այն մարդիկ, որոնք իրենց կադաստրի վկայականներով մի քանի օր առաջ եկել էին, այդ ամենը հաշվի չի առնվել։ Գյուղացիները բազմաթիվ հարցեր են ուղղել՝ իրենց հետագա ապրելու, ապահովության հետ կապված։ Որեւէ հարցի պատասխան չի տրվել»։

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Ապրիլի 29-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես տեղում, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:

Մեկնաբանել