Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները` կառավարության շենքի դիմաց, հուլիսի 8, 2015թ.:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 4-ին ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները:
Զեկուցվել է, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին, իսկ փոխհատուցման համապատասխան գործընթացը կսկսվի առաջիկայում՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Բացի այդ` ամբողջությամբ վճարվել է նաև բնակիչների բնակվարձը:
Երևանի Ֆիրդուսի 33, ինչպես նաև փոքր կենտրոնի մի շարք այլ շենքերի բնակիչներ, որոնց տները տարիներ առաջ հանրային գերակա շահ ճանաչվելուց հետո օտարվել են, հուլիսի 8-ին բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի դիմաց և փակել էին շենքին հարակից Տիգրան Մեծ փողոցը: Նրանք պահանջում էին իրենց տրամադրել խոստացված բնակարանները կամ գումարային փոխհատուցում:
Հովիկ Աբրահամյանը հուլիսի 13-ին ընդունել էր Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին: Նա նշել էր, որ բնակիչների բարձրացրած հարցերի ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ: Աբրահամյանը Նարեկ Սարգսյանին հանձնարարել էր կառուցապատող «Գլենդել Հիլզ»-ի հետ ևս մեկ անգամ լրացուցիչ քննարկել խնդիրների լուծման տարբերակները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: