Մամուլի ազատության համաթվում՝ Հայաստանը տարածաշրջանի առաջատար․ RSF

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2024 թվականի մամուլի ազատության համաթվում Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է իր դիրքը՝ 71,6 միավորով զբաղեցնելով 43-րդ տեղը՝ նախորդ տարվա 49-ի փոխարեն։ Հայաստանում մամուլի ազատության վիճակը գնահատվում է «բավարար»:

«Չնայած բազմակարծության միջավայրին՝ մամուլը շարունակում է բևեռացված մնալ: Երկիրը բախվում է աննախադեպ ապատեղեկատվության և ատելության խոսքի»,- ասված է ուսումնասիրությունում։

Ըստ կազմակերպության՝ լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ Նշվում է, որ շատ լրատվամիջոցներ կապված են «2018-ից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդների հետ», մյուսները հավատարիմ են մնում «նախկին օլիգարխներին», իսկ պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։ Զեկույցի համաձայն՝ միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախ՝ CivilNet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը:

RSF-ը նշում է, որ ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:

«Հայաստանում լրագրության՝ որպես մասնագիտության հանդեպ վերաբերվում են քամահրանքով, լրագրողները ենթարկվում են ատելության խոսքի։ Քաղաքական էլիտաները լրագրողներին մեղադրում են կոռուպցիայի և հակառակորդներին ծառայելու մեջ՝ ստեղծելով անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների և բռնությունների ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից՝ թե խորհրդարանում, թե փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում»,- ասված է զեկույցում։

2024-ի ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել տարածաշրջանի բոլոր երկրներից: Նույն համաթվում Վրաստանն 103-րդն է, Թուրքիան՝ 158-րդը, Ռուսաստանը՝ 162-րդը, Ադրբեջանը՝ 164-րդը, Իրանը՝ 176-րդը:

Այս տարի լավագույն ցուցանիշն արձանագրել է Նորվեգիան, որին հաջորդում են Դանիան, Շվեդիան։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Էրիթրեան, Սիրիան և Աֆղանստանը։

Զեկույցի նպատակն է աշխարհի 180 երկրներում համեմատել լրագրողների ու լրատվամիջոցների մամուլի ազատության մակարդակը: Համաթվի վարկանիշը հիմնված է 0-100 միավորի վրա, որը հատկացվում է յուրաքանչյուր երկրի կամ տարածքի. 100-ը հնարավոր լավագույն միավորն է (մամուլի ազատության ամենաբարձր մակարդակը), իսկ 0-ն՝ վատագույնը: Այս միավորը հաշվարկվում է երկու բաղադրիչի հիման վրա։ Առաջինը՝ հաշվի է առնվում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ չարաշահումների քանակական ցուցանիշը՝ կապված նրանց աշխատանքի հետ։ Երկրորդ՝ յուրաքանչյուր երկրում կամ տարածքում կատարվում է իրավիճակի որակական վերլուծություն՝ հիմնված RSF-ին մամուլի ազատության ոլորտի մասնագետների (ներառյալ լրագրողների, հետազոտողների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների) պատասխանների վրա։

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել