ՀՀ ԶՈՒ գնդապետին մեղադրանք է առաջադրվել

investigative-committee-e1439902044509ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դ. Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առաջադրված մեղադրանքում Աբրահամյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը:

Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից մայիսի 16-ին որոշում է կայացվել՝ Դավիթ Աբրահամյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն իրականացնելու, մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Քննության այս փուլում այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Դավիթ Աբրահամյանը ձերբակալվել էր մայիսի 11-ին:

Մեկնաբանել