ՀԱՊԿ գագաթաժողովում աջակցություն են հայտնել ԼՂ խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին

Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովի մասնակիցները աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին։

Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ ասուլիսին։

Սերժ Սարգսյանը նշել է, որ նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա։

ՀԱՊԿ գագաթաժողովին ընդունվել է Հավաքական անվտանգության Ռազմավարությունը:

«ՀԱՊԿ երևանյան Ռազմավարությունը ամրագրում է Կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025թ., ամրապնդում է համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների հետագա զարգացման ուղենիշները: Անդամ պետությունները կրկին հաստատեցին միջազգային հանրության հետ հավասարության և անվտանգության անքակտելիության հիման վրա հարաբերություններ կառուցելու, միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից խուսափելու, և, միևնույն ժամանակ, առաջացող խնդիրների լուծման ընթացքում քաղաքական-դիվանագիտական մեթոդներին առաջնահերթություն տալու իրենց պատրաստակամությունը»,- ասել է Սարգսյանը։

Անկասկած, դա, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված որոշումների ու նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջնահերթությունների կյանքի կոչումը հնարավոր դարձավ բոլոր մակարդակներում լուրջ, առարկայական և, ինչպես տեսնում եք, արդյունավետ աշխատանքի արդյունքում:

«Հանդիպման արդյունքներով ընդունվել է միջազգային հիմնական արդի հարցերի շուրջ մեր մոտեցումներն արտացոլող հայտարարություն, տրված են գնահատականներ ներկայիս իրավիճակին` հաշվի առնելով, իհարկե, նոր սպառնալիքներն ու մարտահրավերները: Պետությունների ղեկավարների կողմից մեկ անգամ ևս հաստատվեց Կազմակերպության դերը՝ որպես խաղաղության, կայունության պահպանմանը նպաստող, և անդամ պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործիք»:

Գագաթաժողովի շրջանակում ստորագրվել են զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ որոշումներ: Այդ փաստաթղթերի նպատակն է ավելի բովանդակալից դարձնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, ներդնել այսօրվա պահանջներին հարմարեցված աշխատանքի ձևաչափեր։

Փաստաթղթեր են ստորագրվել նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության ոլորտի հետ կապված: ««ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձևավորման մասին կանոնակարգի վերաբերյալ որոշումը» կարևոր փաստաթուղթ է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը ասուլիսին նշել է, որ ՀԱՊԿ սեղմ կազմով հանդիպման ժամանակ օրակարգից հանել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը կքննարկվի տարվա վերջին՝ Սանկտ Պետերբուրգում:

Ալնկալվում էր, որ երևանյան հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Հայաստանի ներկայացուցչին։ Որպես հավանական թեկնածու հայկական մամուլը նշում էր պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը։ Վերջինը, սակայն, հայտարարել էր, որ չի տեսնում իրեն այդ պաշտոնում։

ՀԱՊԿ նախագահությունը անցել է Բելառուսին:

Մեկնաբանել