Ինչո՞ւ է Արարատի քաղաքապետի համար գնվել Volkswagen ID6, երբ քաղաքապետարանն ունի 11 ծառայողական մեքենա

Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հրաժարվում է բացատրել, թե ինչո՞ւ է որոշել ձեռք բերել Volkswagen ID 6 Crozz մեքենա։ Ավելին, համայնքապետը նախապայմաններ է առաջ քաշել ՍիվիլՆեթի գրավոր հարցերին պատասխանելու համար՝ անտեսելով տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված պահանջները։

Ասլան Ավետիսյանը խիստ անորոշ և անհասկանալի պնդումներով առաջարկել է հերքում հրապարակել ՍիվիլՆեթի այն հրապարակման մասին, որը վերաբերում էր իր համար ծառայողական մեքենա ձեռք բերելուն։ Ապրիլի 17-ին գրել էինք, որ Ավետիսյանի համար ծառայողական Volkswagen ID 6 ամենագնացը ձեռք է բերվել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող «Շին կորտ» ընկերությունից։ Գնման գործընթացը կազմակերպվել էր էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Տեխնիկական բնութագրում Արարատի քաղաքապետարանը նշել էր կոնկրետ մակնիշի անվանումը կամ դրան համարժեք լինելու պայմանը։ Գնումների փորձագետ Արմենուհի Բուռնազյանը խնդրահարույց էր համարել ինչպես գնման էլեկտրոնային աճուրդի ընթացակարգը, այնպես էլ տեխնիկական բնութագրում կոնկրետ մեքենայի մակնիշ նշելը։

Ի պատասխան ՍիվիլՆեթի հարցման Արարատի քաղաքապետարանից նշել են․ «Համայնքի կարիքների համար անհրաժեշտ է եղել ձեռք բերել կոնկրետ տեսակի և տիպի տրանսպորտային միջոց, որով պայմանավորված անհնար է եղել գնման առարկայի բնութագրում չնշել տվյալ տրանսպորտային միջոցի մակնիշը և տիպը»։

Միևնույն ժամանակ, քաղաքապետարանից նախապայմաններ են առաջ քաշել ՍիվիլՆեթի մյուս գրավոր հարցերին պատասխանելու համար։ Մասնավորապես, Ասլան Ավետիսյանը պահանջում է հրապարակել հերքում, պահպանել պրոֆեսիոնալ լրագրության կանոնները, որից հետո նոր միայն համայնքապետը պատրաստակամ կլինի համագործակցել ու պատասխանել գրավոր հարցերին։

Սիվիլնեթը գրավոր հարցերով փորձել էր պարզել՝ ի՞նչ վիճակում է Ասլան Ավետիսյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան (մինչ Volkswagen ID6-ի գնումը իրեն սպասարկած մեքենան), Արարատի քաղաքապետարանի հաշվեկշռում քանի՞ ծառայողական մեքենա կա, ինչո՞ւ է պահանջվել ձեռք բերել հենց էլեկտրական մեքենա և այլն։ Ըստ էության, Ասլան Ավետիսյանը հրաժարվում է պարզաբանել, թե ինչո՞ւ է իրեն անհրաժեշտ ձեռք բերել Volkswagen ID6 և ոչ ավելի ցածր արժեքով այլ մեքենա։

Համայնքապետարանը նաև չի պատասխանել, թե քանի ծառայողական մեքենա կա Արարատի քաղաքապետարանի հաշվեկշռում։ Այնուհանդերձ, «Սիվիլնեթ»-ին հաջողվել է բաց աղբյուրներից տեղեկություններ ստանալ Արարատի քաղաքապետարանի ծառայողական մեքենաների քանակի վերաբերյալ։

44 431 բնակչությամբ համայնքի հաշվեկշռում կա 11 ծառայողական ավտոմեքենա։ Այդ մասին տեղեկանում ենք մի քանի գնման պայմանագրերից, որոնցով նախատեսվել է այդ մեքենաների վերանորոգումն իրականացնել։ Ըստ այդ ցանկի՝ Արարատի քաղաքապետարանի ենթակայությամբ կա 2014 թվականի Nissan Sentra, 2015 թվականի Niva Chevrolet, 2014 թվականի Toyota Corolla, 2012 թվականի Nissan Sunny, 2010 թվականի Lexus LX470 մակնիշի մեքենաներ։ Կարելի է ենթադրել, որ Ասլան Ավետիսյանին սպասարկել է հենց այս մեքենաներից մեկը։

Բացի վերը թվարկվածը, Արարատի քաղաքապետարանի հաշվեկշռում կա ՈՒԱԶ 3163, ՎԱԶ 21214, ՎԱԶ 2121, ՎԱԶ 21074, ՎԱԶ 21099, ԳԱԶ 31-105 մակնիշի ավտոմեքենաներ։ Բոլոր այս մեքենաների վերանորոգման ծառայությունների համար 2023 և 2024 թվականներին Արարատի քաղաքապետարանը վճարել է ընդհանուր առմամբ մոտ 16 միլիոն դրամ։

Պայմանագիրը կնքվել է Արարատում գործող «Վառվահ» ընկերության հետ։ Ընկերության սեփականատերը, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, արարատցի Վալոդյա Մկրտչյանն է։ Ընկերության տնօրենը Սամվել Մալխասյանն է, ով Արարատի ավագանու անդամ է «Իմ հզոր համայնք» խմբակցությունից։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել