Տարածաշրջանի ապագան կախված է Թուրքիայից և Ռուսաստանից․ Թուրքիայի վարչապետ

Ռուս-թուրքական հարաբերությունները պարզապես երկու երկրների հարաբերություններ չեն․ դրանք նշանակալի ազդեցություն են ունենում տարածաշրջանային կյանքի վրա, մենք կարող ենք կանխորոշել տարածաշրջանի ապագան․ Մոսկվա կատարած իր առաջին այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

«Տարածաշրջանի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Ռուսաստանն ու Թուրքիան հատուկ պատասխանատվություն են կրում»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ նշելով, որ եթե երկու երկրները «փակեն աչքերը տարածաշրջանի խնդիրների վրա, դրանք գլոբալ մասշտաբների կհասնեն»։

Յըլդըրըմի կարծիքով՝ «Ալ-Կաիդա», «Իսլամական պետություն», «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունների ծագման պատճառը տարածաշրջանային խնդիրների ուշացած լուծումն է։

Խոսելով Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների մասին՝ Յըլդըրըմն ասել է, որ դրանք «փորձության» են ենթարկվել, սակայն փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ հաջողվել է հաղթահարել դժվար իրավիճակը։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Դմիտրի Մեդվեդևի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է։ Anadolu գործակալությունը նշում է, որ Յըլդըրըմի այցից ակնկալվում է, որ այն կարագացնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացիը։

Ռուս-թուրքական ճգնաժամի և դրա կարգավորման մասին ավելին՝ Ռուս-թուրքական ճգնաժամից մեկ տարի անց․ ինչպես թուրքական լոլիկները վերադարձան Ռուսաստան։

Մեկնաբանել