Բելառուսի դատախազությունն ուսումնասիրում է իսրայելցի բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու նյութերը

Բելառուսի Գլխավոր դատախազությունը ներկայում ուսումնասիրում է Ադրբեջանից ստացված փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Մինսկում ձերբակալված իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու համար, հաղորդում է բելառուսական naviny.by կայքը։

Արտահանձնման որոշումը պետք է ընդունվի 40 օրվա ընթացքում։ Կայքը նշում է, որ չի բացառվում՝ բելառուսական կողմին անհրաժեշտ լինեն այլ նյութեր, որոնք վկայում են Լապշինի կողմից հանցագործություն կատարելու մասին։

Իսրայելցի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բելառուսում դեկտեմբերի 14-ի երեկոյան՝ Ադրբեջանի նախագահին ու իշխանություններին քննադատելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Ըստ իսրայելական Haaretz-ի՝ Լապշինը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության խնդրանքով։

Ներկայում Բաքուն ձգտում է նրա արտահանձնմանը, իսկ նրա ընտանիքը մտավախություն ունի, որ արտահանձնման դեպքում Լապշինի կյանքը կարող է հայտնվել վտանգի տակ։

Բաքվի բնակելի վայրերում՝ գրեթե կենտրոնում, հողը ներծծված է նավթի արտանետումներով։ Լուսանկարը՝ Լապշինի բլոգից

Ըստ Լապշինի ընկերների՝ նրան կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգքի երկու հոդվածների խախտման համար, որոնցից մեկն արգելում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վնասող հանրային կոչը կամ աջակցությունը», իսկ մյուսն արգելում է Լեռնային Ղարաբաղ այցելել առանց Բաքվի համաձայնության։ Առաջին դրույթը խախտելու համար սպառնում է 5-8 տարի, իսկ երկրորդ դրույթի դեպքում՝ մինչև 5 տարի ազատազրկում։

Լապշինի ընկերուհին լրատվամիջոցներին ասել է, որ նրա ազատ արձակմամբ զբաղվում է երկու փաստաբան։ Գործին միացել են նաև ռուսաստանցի և իսրայելցի դիվանագետները, քանի որ բլոգերը երկքաղաքացիություն ունի։

Դեկտեմբերի 18-ին իսրայելական The Times of Israel-ը գրել էր, որ Իսրայելի ԱԳՆ-ն դիմել է Բելառուսին՝ խնդրելով չարտահանձնել Լապշինին Ադրբեջանին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Լապշինի գործով զբաղվում է նաև Հայաստանի արտգործնախարարությունը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մենք այդ հարցով զբաղվում ենք, մեր գործողությունների մանրամասներ, հասկանալի պատճառներով, առայժմ չենք կարողանում ներկայացնել», – ասել էր Բալայանը:

ԼՂՀ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը, հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս։

Մեկնաբանել