Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը կկոչվի «Երկիր ծիրանի»

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունը կկոչվի «Երկիր ծիրանի»։ Այս մասին հայտարարվեց կուսակցության անդրանիկ համագումարին։ Կուսակցության կարգախոսը կլինի «Դեպի Արարատ»։

«100 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանն իր գործը կյանքի կոչեց և ասաց, թեպետ, որ կա դատապարտման դատավճիռ, բայց դատավճիռը պետք է ի կատար ածել և պատժել մեղավորին։ Այս քառորդ դար պատմության մեջ մենք չկարողացանք անդրադարձ կատարել այդ պատգամին»,- իր ելույթում ասաց Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ իր նորաստեղծ կուսակցության մեջ մտահոգ քաղաքացիներ են, ովքեր միավորվել են քաղաքական իրավունքների իրացման համար։

«Այս 25 տարիների ընթացքում մեր քաղաքական իրավունքները մեզանից օտարել են։ Մենք չենք պատրաստվում լքել Հայաստանը, դեռ ավելին, պատրաստվում ենք անել այնպես, որ այն քաղաքացիները, որ ստիպված գտնվում են սահմանից դուրս՝ վերադառնան։ Մեր քաղաքական պլատֆորմը դրան է ուղղված»։

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենք ձգտում են միացյալ Հայաստանի ստեղծմանը, որտեղ Արցախը ոչ միայն փաստացի, այլև իրավաբանորեն կլինի Հայաստանի մասը։

Նա տվեց ազատազրկված գործիչների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և այլոց անունները՝ նրանց կոչելով քաղբանտարկյալներ։

«Մենք պետք է սկսենք նոր էջից։ Այն պետք է սկսվի՝ մենք չենք ճանաչում այս կեղծված սահմանադրությունը։ Պետք է ընդունվեն մի քանի սահմանադրական օրենքներ, որոնք կունենան զսպման և հակակշիռների մեխազնիմներ։ Հայաստանի բոլոր քաղաքացիները անկախ գտնվելու վայրից պետք է իրավունք ունենան օգտվելու ընտրության իրավունքից»,- ասաց Փոստանջյանը։

Նա նշեց, որ իրենց կուսակցությունը հիմնվելու է երկու գիտնականների գաղափարների վրա՝ Տարոն Աճեմօղլուի և Արեգ Գալստյանի։ Տարոն Աճեմօղլուն պնդում է, որ անկախ աշխարհագրությունից՝ հաջողում են այն երկրները, որոնք ներառող քաղաքական ինստիտուտներ են ստեղծում, և հակառակը, ձախողում են այն պետությունները, որոնք կեղեքող ինստիտուտներ են ստեղծում։

Փոստանջյանը նշեց, որ Արեգ Գալստյանը՝ Մոսկվայում բնակվող երիտասարդ գիտնական, հետազոտել է, թե ինչպես են Իսրայելն ու Իռլանդիան օգտագործել իրենց սփյուռքի մարդկային կապիտալը։

Մեկնաբանել