Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր կերպ են տեսնում կարգավորման սկզբունքների կյանքի կոչման հաջորդականությունը․ Լավրով

Ակնկալում ենք, որ Բաքուն և Երևանը կկարողանան քաղաքական կամք և փոխզիջումների պատրաստակամություն դրսևորել․ դա անհրաժեշտ է նրա համար, որ բանակցային գործընթացը արդյունավետ լինի․ ադրբեջանական «Բակինսկի ռաբոչի» թերթում՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հոդվածում գրում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Բնականաբար, շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հիմնախնդրին։ Անկեղծորեն հետաքրքրված ենք նրանով, որ տարածաշրջանում վերահաստատվեն խաղաղությունն ու անդորրը, որ այլևս չզոհվեն մարդիկ, բացվեն սահմանները, վերականգնվեն տնտեսական փոխանակումները։ Դրա համար անում ենք անհրաժեշտ ամեն ինչ։ Իրագործում ենք մեր միջնորդական առաքելությունը ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։

Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերին հաջողվել է էականորեն մոտեցնել դիրքորոշումները բազմաթիվ վիճելի պահերով։ Հիմնականում համաձայնեցված են կարգավորման հիմնարար սկզբունքները։ Սակայն Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր կերպ են տեսնում դրանց կյանքի կոչման հաջորդականությունը։ Այս կապակցությամբ մեր խնդիրը կայանում է նրանում, որ օգնենք կողմերին գտնել հավասարակշռված լուծում՝ առկա աշխատանքի հիման վրա։

Ակնկալում ենք, որ Բաքուն և Երևանը կկարողանան քաղաքական կամք և փոխզիջումների պատրաստակամություն դրսևորել․ դա անհրաժեշտ է նրա համար, որ բանակցային գործընթացը արդյունավետ լինի։ Անկասկած, առաջ շարժվելու կարևոր պայման են շարունակում մնալ հակամարտության գոտում լարվածության ընդհանուր նվազումն ու դրա լուծման ուժային մեթոդների փորձերից հրաժարումը։

Ռուսաստանն իր հերթին պատրաստ է սատարել խնդրի լուծման այն տարբերակը, որը ընդունելի կլինի բոլոր ներգրավված կողմերի համար, իսկ պայմանավորվածության հասնելու դեպքում՝ մյուս միջնորդների հետ հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,- գրել է Լավրովը։

***

Օրերս ադրբեջանական APA գործաալությանը տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը ասել էր, որ կարգավորման հիմնական ասպեկտները արդեն համաձայնեցված են, սակայն մնում են մի շարք հարցեր, որոնք բարդ են և որոնց շուրջ դեռ կոնսենսուս չկա։ Նա կրկնել էր միտքը, որ կողմերը տարբեր կերպ են տեսնում կարգավորման բաղադրիչների կյանքի կոչման հերթականությունը։

Մեկնաբանել