Վլադիմիր Պուտինը հետաձգում է սահմանադրական հանրաքվեն․ հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային է ՌԴ-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տեսաուղերձում հայտարարել է ապրիլի 22-ին կայանալիք հանրաքվեի հետաձգման մասին։ Հաջորդ շաբաթը նա հայտարարել է ոչ աշխատանքային՝ պահպանելով աշխատավարձերը։

«Մեզ համար մարդկանց առողջությունը առաջնահերթ է»,- ասել է Պուտինը։

Նա շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ ասելով, որ նրանք առաջնագծում են։ Քաղաքացիներին կոչ է արել հետևել բժիշկների հանձնարարականներին, հատկապես՝ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։

ՌԴ նախագահն առաջարկել է սահմանել վարկային արձակուրդ։

***

Մարտի 24-ին Պուտինն այցելել է հիվանդանոց, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիները։ Նույն օրը նա երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել, ինչպես նաև քննարկումներ Կենտրոնական բանկի և աշխատակազմի անդամների հետ։

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը հասցնելով 658-ի։ Ռուսաստանում հիվանդությունից ապաքինվել է 29 մարդ։ Ինքնամեկուսացման մեջ՝ վերահսկողության տակ է գտնվում 112 հազար մարդ։ Մարտի 19-ին Մոսկվայի իշխանությունը հայտարարել էր կորոնավիրուսից առաջին մահվան մասին՝ ավելի ուշ պնդելով, որ կնոջ մահվան պատճառը անջատված տրոմբն էր։

Մարտի 25-ին Ռուսաստանի կառավարությունն ու Գերագույն դատարանը հավանություն են տվել կարանտինի խախտման համար պատասխանատվության խստացման օրինագծին։

Ապրիլի 22-ին Ռուսաստանում պետք է անցկացվեր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որին դրվելու էր մեկ հարց՝ «Դուք հավանություն տալի՞ս եք Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններին»։ Սվելի վաղ ՍԴ-ն դրանց հավանություն էր տվել։

Ռուսաստանում պատրաստվում են զրոյացնել Պուտինի նախագահական ժամկետները

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել