Մանկատան երեխաներին բռնության ենթարկելու գործով մեղադրանք է առաջադրվել 3 աշխատակցուհու

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել երեք աշխատակցուհիների․ հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար ծեծի են ենթարկել և ցավ պատճառել մի խումբ անչափահաս երեխաների:

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից:

Հաղորդագրությունում նշված է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի աշխատակցուհիներից երեքին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել