Էշթոնի քողարկված ուղերձը

Հակառակ, որ Հայաստանում պաշտոնական հայտարարությունների մակարդակով անընդհատ շեշտվում է եվրոպական արժեքների մասին, գործով ու եվրոպացիների հետ երկխոսելու մեր ոճով այդպես էլ չի հաջողվում համոզիչ լինել եվրոպական արժեքներ դավանելու և դրանց իրականացման կամքի մեր անկեղծության մեջ։

Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական երկիր կառուցելու կամ եվրոպական արժեքների մեր պատկերացումներում դեռ հեռու ենք եվրոպացիների պատկերացրած չափանիշներին մոտ լինելուց։

Իրավիճակը նույնն էր Ֆրանսիայի նախագահի տարածաշրջանային այցի դեպքում։ Սարկոզին հնարավորություն է ունեցել համեմատել տարածաշրջանի երեք հարևան պետությունները և Ադրբեջանի նավթադոլարների ու Ֆրանսիայում հայ համայնքի առկայության մասին առավելություններին հակադրել է Վրաստանի եվրոպական լինելու հանգամանքը։

Թբիլիսին կտրուկ տարբերվել է անգամ ընդունելության, ճաշերի, արարողակարգի կազմակերպման, երկկողմ հարաբերություններում հարցերի բարձրացման, դրանց բովանդակային մատուցման հարցերում։ Ու ստացվում է, որ անգամ Սարկոզիի տպավորությամբ՝ Վրաստանում ոչ միայն հավատում են եվրոպական արժեքների գերակայությանը, այլև հստակ տեսլական ունեն եվրոպական արժեքների ուղղությամբ շարժվելու հարցում։

Հակադրությունը հստակ նկատելի է նաև ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում Հայաստանի ու Վրաստանի արձանագրած առաջընթացից։ Եթե պաշտոնական Թբիլիսին շատ մոտ է խնդրի վերջնական լուծմանը, Հայաստանում դյուրացման հարցն ընթացքի մեջ է, իսկ Քեթրին Էշթոնը հորդորում է երկարատև պրոցեսն իբրև ձգձգում չընկալել։

«Վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ գործընթացը առհասարակ երկար է տևում, և դրա պատճառը տեխնիկական բնույթի հարցերն են։ Երբ տեխնիկական մասի գործընթացն ավարտվի, մնացած հարցերն ավելի արագ կլուծվեն: Ամեն դեպքում սա մի գործընթաց է, որը պետք է ճիշտ և պատշաճ կերպով իրականացվի»,– լրագրողների հետ հանդիպմանն ասել է Էշթոնը։ Այս պայմաններում բնական է հնչում հարցադրումը. մի՞թե տեխնիկական խնդիրներ չեն եղել Վրաստանի պարագայում, ու ինչո՞ւ է հաջողվել դրանք այդքան արագ լուծել։

Էշթոնի տեխնիկական հիմնավորումը ավելի շուտ դիվանագիտական քաղաքավարություն պիտի ընկալել՝ պարզ տեքստով հայտարարելու փոխարեն, թե Հայաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումներ անցկացնելու, եվրոպական արժեքներին ինտեգրվելու համար։

Ու չի բացառվում, որ շատ շուտով նույնպիսի տեխնիկական խնդիրներ հայտնվեն նաև Հայաստանի հետ Ազատ առևտրի համաձայնագիր կնքելու ճանապարհին, որին իրականում խոչընդոտում է մրցակցության բացակայությունը երկրի ներսում, որակի վերահսկման ու ստանդարտների անհամապատասխանությունը եվրոպականներին, որոնց բարեփոխումը հաստատ օլիգոպոլիաների շահերից չէ։ 

Մեկնաբանել