Դեպի եվրասիական մեծ երազանք

Հանձնաժողովը կղեկավարեն երեք երկրների փոխվարչապետները։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե սա չափազանց կարևոր քայլ է տնտեսական հետագա ինտեգրման ճանապարհին։

Կրեմլում եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին հռչակագիրը, որը Եվրասիական միության ստեղծման «ճանապարհային քարտեզն» է։

Այս փաստաթղթով նախատեսվում է ստեղծել Տնտեսական միասնական տարածք (ՏՄՏ), որը կհենվի Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների վրա և բաց կլինի այլ պետությունների համար։

ԵՏՀ-ն կդառնա ՏՄՏ-ի հիմնական ղեկավար մարմինը, որը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տարածքում կսկսի գործել 2012թ. հունվարի 1-ից՝ այդպիսով երեք այս երկրների միջև ապահովելով ազատ ապրանքաշրջանառության, ինչպես նաև կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություն։

Հանձնաժողովը տնտեսական մի շարք ոլորտներում բավական լայն արտոնություններ կստանա։ Ըստ համաձայնագրի՝ ԵՏՀ-ն ոչ միայն մաքսային, այլև մակրոտնտեսական, էներգետիկայի, արժութային քաղաքականության և տնտեսության մի շարք այլ ոլորտներում որոշումներ կայացնելու լիազորություններ կունենա։

Փաստաթղթերի ստորագրման ընթացքում Մեդվեդևը համոզմունք է հայտնել, թե ԵՏՀ-ին կհաջողվի խուսափել այն խնդիրներից, որոնց ներկայում առերեսվում են եվրոգոտին և Եվրամիությունը։ Ըստ նրա՝ Եվրասիական միությունը ոչ թե տարաբնույթ երկրների կոնգլոմերատ է, այլ ընդհանուր պատմություն և անցյալ ունեցող երկրների միություն։

Ռուսաստանի նախագահը, մյուս կողմից, նշել է, թե Եվրասիական միությունը 2015-ից շուտ կյանքի չի կոչվի, եթե գործընթացի արագացմանն ուղղված նոր ազդակներ ի հայտ չգան։

Նշենք, որ հանձնաժողովի հիմնական ղեկավար մարմինը կլինի խորհուրդը, իսկ գործնական խնդիրներով կզբաղվի ինը հոգուց կազմված կոլեգիան. անդամ պետություններից յուրաքանչյուրը կունենա երեքական ներկայացուցիչ, որոնք դաշնային նախարարի կարգավիճակ կստանան։

ԵՏՀ-ի շարքային աշխատակիցների կազմում կգերակշռեն Ռուսաստանի քաղաքացիները՝ 84%, իսկ Ղազախստանը և Բելառուսը ներկայացված կլինեն համապատասխանաբար 10%-ով և 6%-ով։ Հանձնաժողովի կենտրոնակայանը կլինի Մոսկվայում։

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի բնակիչների 19%-ը ցանկանում է Տնտեսական միասնական տարածքում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ մեկտեղ տեսնել Հայաստանին: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ռուսաստանյան հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է Interfax-ը:

Հարցմանը Ռուսաստանի 43 ռեգիոններում մասնակցել է 1500 մարդ: Հարցվածների 43%-ը ողջունել է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մասնակցությամբ ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու գաղափարը: 28%-ը տեղյակ չի եղել այդ նախաձեռնությունից:

Ռուսաստանցիներն այդ միավորման մեջ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից նախ և առաջ տեսնում են Ուկրաինային (24%): ՏՄՏ-ին Ադրբեջանի միավորմանը կողմ է հարցման մասնակիցների 14%-ը, Վրաստանի միավորմանը՝ 6%-ը: Հարցվածների 61%-ը կողմ է արտահայտվել նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրացիային: 

Մեկնաբանել