Առաջին անգամ չկա քավության նոխազ․ ի՞նչ անի «խեղճ Նիկոլը»

Երկիրը հասցնես մի վիճակի, երբ սպառնալիքի ներքո իրականացվող «սահմանազատում» կոչվածը որակես ողջամիտ որոշում։ Ադրբեջանին տաս ավելին, քան նա երբևէ կարող էր երազել՝ չկարողանալով անգամ մի կամուրջ ու մի ճանապարհ պահել։ Կարևորը՝ պալատական սազանդարներին հավաքես ու հրահանգներ տաս երգը երգելու։

«Արցախը Հայաստան է և վերջ» բղավոցից ու «անջատում հանուն փրկության» կարգախոսից անցնես նշաձողի իջեցման ու փոխարենը ստանաս շրջափակում, կորսված հայրենիք ու տեղահանված ժողովուրդ․․․ իսպառ մոռանալով վերադարձի իրավունքի մասին։

Սևրի փաստաթուղթ ճոճելուց հետո Ցեղասպանության պատասխանատվությունը մեղսագրես սեփական ժողովրդին, որը «սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»: Կարևորը, որ դա անես նազիրվեզիրներիդ թամաշայի ներքո։

Ինքնիշխանություն ու անկախություն ճամարտակելով՝ թշնամու կամոք նեղվես անկախությանդ հռչակագրից ու սահմանադրությունից և անհարմար զգաս Արարատի հայացքից ու հայոց պատմությունից, որ միայն ՀՀ պատմություն չէ։

Խաղաղության օրակարգ ու խաղաղության խաչմերուկ հորջորջելով՝ շարունակ ստանաս պատերազմ ու զոհեր՝ «փոքրացող երկիր, մեծացող Եռաբլուր» բանաձևով։

Չորս տարի անընդմեջ դժբախտություն բերես երկրի գլխին ու մեղավորներ փնտրես-գտնես-կարգես՝ ամենքին ու ամեն ինչ՝ նախկիններ, բանակ, ռուսներ, Իսկանդեր, դասալիքներ, Ալմա-Աթա, ՄԱԿ-ի քարտեզներ, դավաճաններ․․․ բոլորի հերն էլ անիծած։ Բայց այս ամենի ու ամենքի մեջ ո՞ւր ես դու, ո՞վ ես դու։

Մենք արդեն ամեն ինչ տեսել ենք․․․ երևի։

Բայց Կիրանց-Ոսկեպար հատվածում շատ Խեյրիմլի վիճակ է։ Տարիների ընթացքում առաջին անգամ պարոն Փաշինյանը քավության նոխազ չի գտնում։

Թեկնածու չկա։

Օգնե՛ք նրան։

Մեկնաբանել