Փաշինյանի պնդմամբ՝ եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը «ձախողել է հոգևոր առաջնորդությունը»

Հայ Առաքելության եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի մամուլի ասուլիսին։

«Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, ապա դրանով նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդության գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը», – հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ «իշխանությունը չի հակամարտում եկեղեցու հետ»։

Վարչապետի խոսքով՝ հոգևոր առաջնորդություն իրականացնող հոգևորականների կողքին կան նաև հոգևոր առաջնորդությունը ձախողած և քաղաքական հայտ ներկայացրած հոգևորականներ։

«Բարձրաստիճանների մեջ էլ կան բազմաթիվները, ովքեր իսկապես հոգևոր առաջնորդությամբ են զբաղված, բայց, վախենամ, որ ամենաբարձր մակարդակում հենց հոգևոր առաջնորդությունն են ձախողել», – ասաց Փաշինյանը։

Ասածը կառավարության ղեկավարը փորձել է հիմնավորել սեփական փորձով՝ պատմելով, որ բազմաթիվ շփումների ժամանակ [բարձրաստիճան հոգևորականները] «Աստվածաշնչի, Նոր կտակարանի, դավանաբանական հիմնահարցերի փոխարեն շոշափել են ցեմենտի, բետոնի, ներմուծման, մաքսազերծման և այլ թեմաներ»։ Դրանից ելնելով՝ Փաշինյանն ամենևին չի զարմանում, որ «հոգևորականները քաղաքականությամբ են զբաղվում»․

Մեկ այլ լրագրողի հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց․ «Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր առաջնորդում է քաղաքական շարժում։ Ինչո՞ւ պիտի առաջնորդի։ Այդ շարժման նպատակը նախորդ իշխանությանը վերադարձնելն է»։

Փաշինյանի պնդմամբ՝ ներկայիս շարժման առաջնորդը Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան դաշինքի» ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

Մեկնաբանել