Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները․ ԱԳՆ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 9-րդ խմբագրության մասին է։

Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները փոխանցել էր ապրիլի 9-ին։

***

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում երկու հարցի շուրջ շարունակվում է անհամաձայնությունը։ Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին, երկրորդը՝ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

Այս հայտարարությունից հետո՝ ապրիլի 19-ին, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանել