«Քաղաքացիական պայմանագիրը» պնդում է՝ տավուշյան շարժումը քաղաքականապես ուղղորդված է

«Կա՞ն հիմքեր ու փաստեր, որ տավուշյան շարժումը ուղղորդվում է Ռուսաստանի կողմից»․ մայիսի 7-ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։

Վերջինս պատասխանեց՝ «հիմքերն ու փաստերը գալիս են հեռվից, իսկ դատողությունները քաղաքական են»։

«Այն խմբերը, որոնք ամեն բան անում են, որ Հայաստանը չունենա պետական սահման, Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, որ կարողանան վնասել ՀՀ ինքնիշխանությանն ու հեղաշրջում իրականացնելով՝ գան իշխանության»,- ասաց Հովհաննիյանը։ Նա խորհուրդ տվեց հետևել ռուսական պետական հեռուստաալիքներին, ՌԴ-ում ապաստանած հայ քաղաքական գործիչներին։

Ինչո՞ւ ռուսաստանյան ուղղորդման հետ կապված չկան իրավական գնահատականներ՝ հարցրին լրագրողները Հովհաննիսյանին։ Ի պատասխան վերջինս հիշեցրեց՝ քանի զինված խմբեր են Հայաստանում բացահայտվել ու ձերբակալվել։

«Սա էլ է երկրի ներքաղաքական վիճակին խառնվելու փորձ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ «քաղաքական ուղղորդվածություն կա, բայց երբ այն դուրս գա քաղաքական կոնտեքստից, ՀՀ օրենսդրությունը կկիրառվի»։

Մեկնաբանել