Մի կտոր անտառ փրկվեց

Նախօրեին «Օրակարգ»-ը գրել էր Կառավարության առաջիկա նիստի օրակարգում հայտնված մի օրինագծի մասին, ըստ որի՝ Պետեկամուտների կոմիտեի դիլիջանյան ուսումնական կենտրոնին 22 հա անտառ է հատկացվելու «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտուց («Հարկայինում նատուրալիզմով են զբաղվելու», թիվ 61, 14.12.2011թ.): Խնդրին անդրադարձել էր նաև «Հայկական ժամանակ» օրաթերթը («Խնձորի ծառի տակին», թիվ 237, 14.12.2011թ.):

Երեկ Haynews.am կայքը տեղեկություն հրապարակեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիլիջանում Պետեկամուտների կոմիտեին հող հատկացնելու հարցը հանել է Կառավարության նիստի օրակարգից:

Վարչապետի այս որոշումը ողջունելի է երկու առումով՝ նախ՝ մամուլին արձագանքելու (եթե, իհարկե, նա որոշումն ընդունել է մեր հրապարակումների հիման վրա) և երկրորդ՝ բնության ևս մեկ կտոր ապականումից փրկելու առումով:

Ընդհանրապես, Ղարաբաղյան շարժումը սկսվեց էկոլոգիական շարժումներից՝ Ատոմակայան, Նաիրիտ, Կիրովականի քիմկոմբինատ և այլն: Դրանք սահուն վերաճեցին ազգային ընդվզման ու մի ամբողջ կայսերական համակարգի փլուզման: Երբ էկոլոգիական այդ շարժումն սկսվել էր, պատկերացնել անգամ հնարավոր չէր, թե ինչպիսի հետևանքներ է դա ունենալու:

Հայաստանում ներկայում կարծես էկոլոգիական շարժումը կրկին ակտիվացել է՝ Թռչկանի ջրամբար, Զանգեզուրում հանքարդյունաբերական ծրագրերի դեմ ընդվզում, Թեղուտ և այլն: Չի բացառվում, որ Պետեկամուտների կոմիտեին Դիլիջանի անտառներից հողակտոր չհատկացնելու որոշումը ևս մեկ հանրային բողոքի ալիք չբարձրացնելուն էր ուղղված, ու չի բացառվում, որ Կառավարությունն այդ շարժումների մեջ համակարգին ուղղված վտանգ է տեսնում:

Առհասարակ, եթե տնտեսությունը ժողովրդի հացն է, որը կտրելիս մարդիկ գիտակցաբար ընդվզում են, բնությունը ժողովրդի օդն է, որը կտրելիս մարդիկ պարզապես բնազդաբար են արձագանքում:

Հայաստանում այսօր բնությունն ապականվում է օր օրի, ժամ ժամի, ապականվում է ոչ միայն անտառները հոշոտող օլիգարխների ու դրանք պահպանելու կոչված պաշտոնյաների, այլև բնությունից օգտվելու տարրական կուլտուրա չունեցող սովորական քաղաքացիների կողմից:

Էկոլոգիական շարժումները կարող են օգնել մաքրելու ոչ միայն օդը, այլև իշխանության ու հասարակության արատները:

Մեկնաբանել