Չինաստանի տնտեսության աճը դանդաղում է․ Համաշխարհային բանկ

Այս տարի Չինաստանի տնտեսությունը կաճի 8,2%-ով։ Այսպիսի կանխատեսում է արել Համաշխարհային բանկը (ՀԲ)։ Ըստ ՀԲ-ի փորձագետների՝ Չինաստանում ակնկալվում է տնտեսական ակտիվության սահուն անկում՝ պայմանավորված անշարժ գույքի շուկայի ստագնացիայով և արտաքին շուկաներում պահանջարկի անկմամբ։

«Ցիկլային անկումը կլինի կարճաժամկետ հեռանկարի կանախատեսումների կարևոր գործոններից մեկը», -ասված է ՀԲ-ի երեկ հրապարակած զեկույցում, ըստ որի՝ անցած տարվա 4-րդ եռամսյակում Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 8,9%։ 2011թ.Չինաստանի տնտեսության ընդհանուր աճը կազմել է 9,2%։

Այս երկրի տնտեսության վրա զգալիորեն ազդում են անշարժ գույքի շուկայի սառեցմանն ուղղված միջոցառումները։ Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն՝ արդեն 5-րդ ամիսն անընդմեջ երկրի 70 խոշոր քաղաքներում բնակարանների գները նվազում են, ինչը պայմանավորված է հիփոթեքային փոխառուների նկատմամբ պահանջների խստացմամբ, նախավճարի աճով և երկրորդ բնակարանի գնման նկատմամբ սահմանափակումներով։

ՀԲ-ն Չինաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս մի շարք միջոցառումներ ձեռնարկել։ Մասնավորապես՝ նվազեցնել հարկերը՝ ներքին սպառումը խթանելու նպատակով, ինչպես նաև ավելացնել սոցիալական ծրագրերի ծախսերը։

Ըստ ՀԲ-ի՝ Չինաստանում գնաճի տեմպը շարունակում է դանդաղել, և այս տարի այն կնվազի մինչև 3,2%։ Ընթացիկ տարում երկրի պահուստների ծավալը չի գերազանցի $3,2 տրլն-ը և հաջորդ տարի կկազմի՝ $3,6 տրլն։

Մեկնաբանել