Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին։
«Ս.թ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։
Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր։