Հայաստանի քաղաքների ամանորյա չարվող ծախսերը

Տասնամյակների ընթացքում Երևանի Հանրապետության հրապարակում առաջին անգամ չեն վառվի ամանորյա տոնածառի լույսերը։ Պատճառը պատերազմն է։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարբեր համայնքներ որոշել են ամանորյա տոնակատարության համար նախատեսված գումարները չծախսել։

ՍիվիլՆեթը գրավոր հարցում է ուղարկել կառավարություն և խոշոր համայնքներ։ Այս պահին ութ հարցման պատասխան ենք ստացել, իսկ գործադիրից հայտնել են, որ երեսնօրյա ժամկետում կպատասխանեն։

Երևան

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների համար ամենաշատ գումար ծախսող համայնքն է։ 2017-ին այդ նպատակով համայնքային բյուջեից տրամադրվել է 192 մլն դրամ, 2018-ին՝ 222 մլն, իսկ 2019-ին՝ 271 մլն, որին ավելացրել էին նաև 54 մլն համայնքային բյուջեից։

2020-ին համայնքային բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևավորման և տոնական այլ միջոցառումների իրականացման համար նախատեսված է ընդհանուր 286,4 մլն դրամ, որից 190 միլիոնը քաղաքապետարանի, 96,4 միլիոնը՝ վարչական շրջանների համար։ Այս տարի, սակայն, գումարն այդ նպատակին չի ծառայելու։

Երևանի ավագանին նոյեմբերի 24-ին որոշել է 100 միլիոն դրամ ուղղել Ստեփանակերտի վերականգնման աշխատանքների իրականացմանը։ Քաղաքապետարանից տեղեկացրին, որ ամանորյա տոնակատարությունների համար համայնքային բյուջեից նախատեսված գումարից Արցախին այլ միջոցների հատկացման հնարավորությունը կորոշի Երևանի ավագանին։

Այս տարի Հանրապետության հրապարակում չենք տեսնի ամանորյա տոնածառը։ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու։

Վանաձոր

Ամանորյա ծախսերի համար Վանաձորի համայնքապետարանը նախատեսել էր 7,4 միլիոն դրամ։ Քաղաքի գլխավոր տոնածառը, հրապարակը և փողոցները չեն զարդարվելու, հյուրասիրություն և ֆուրշետներ չեն լինելու։

Նախատեսված գումարն ամբողջությամբ չի ծախսվի, քանի որ միջոցառումների մեծ մասը չեղարկվել է։

Քաղաքապետարանից հայտնեցին, որ ամանորյա ծախսերի տնտեսված մասի օգտագործման նպատակների գումարի չափի և շահառուների շրջանակի վերաբերյալ որոշում կայացնում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի համաձայնությամբ։

Կապան

Կապանի համայնքապետարանից հայտնեցին, որ ամանորյա միջոցառումների համար ծրագրած գումարն ուղղելու է միմիայն համայնքի սահմանամերձ գյուղերի, առաջնագծի և սահմանապահների կարիքների ապահովմանը։ Որքան էին կազմում այդ ծախսերը, այդ մասին տվյալ քաղաքապետարանը չի ներկայացրել։

Էջմիածին

Էջմիածնի համայնքապետարանը ևս ամանորյա միջոցառումներ, հյուրասիրություն և ֆուրշետներ չի կազմակերպելու, ինչպես նաև ձեռք չի բերելու տոնածառ և այլ զարդարանք։

Քաղաքապետարանից ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը պատասխանեցին, որ նախատեսված գումարն ուղղվել է զոհվածների սգո ծառայությունների կազմակերպմանը, առաջնագծում խրամատներ փորելու գործիքներ ձեռք բերելուն, արցախցի ընտանիքներին սննդամթերքի և կենցաղային պարագաների տրամադրմանը։ Ի դեպ, զոհված զինծառայողների ընտանիքներին հուղարկավորության նպաստ է հատկացնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 700 000 դրամի չափով։

Ամանորը քաղաքային իշխանությունները նախատեսում են դիմավորել համայնքապետարանի դիմացի պուրակում, որտեղ հիմնվել են հիշատակի արահետներ։ Այստեղ տեղադրվելու են զոհերին նվիրված անհատական հուշակոթողներ։ Համայնքապետարանից նշում են, որ թիվը հստակ նշել չեն կարող, քանի որ հայտնաբերված զոհերի թիվը կարող է փոփոխվել։ Դեկտեմբերի 15-ի դրությամբ նշված կարիքների համար համայնքապետարանը ծախսել է շուրջ 13 մլն դրամ։

Գավառ

Ամանորյա տոնակատարությունների համար Գավառ համայնքի բյուջեով նախատեսվել է 5 միլիոն դրամ, զարդարանքների, տոնածառի և ամանորյա բացիկների համար՝ 3,4 միլիոն դրամ։ 5 միլիոն դրամը ներառում է նաև մանկապարտեզների երեխաների նվերների գումարը, որը կազմում է 700 000 դրամ։ Հյուրասիրության և ֆուրշետների համար նախատեսվել է 980 000 դրամ։ Գավառի համայնքապետարանից տեղեկացրին, որ այդ գումարը չի ծախսվելու:

Հրազդան

Հրազդան համայնքի բյուջեով տոնակատարությունների համար այս տարի նախատեսվել էր 8,9 միլիոն դրամ, իսկ զարդարանքի և տոնածառի համար՝ 1,95 միլիոն դրամ։ Ֆուրշետների և հյուրասիրության համար գումար չէր նախատեսվել։

Հրազդանի համայնքապետարանից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ այս գումարները այլ նպատակով չեն ծախսվելու, սակայն տոնական միջոցառումներ չեն լինելու, ամանորյա զարդարանք ևս չի լինելու։

Նշեցին նաև, որ պատերազմում զոհվածների ընտանիքին աջակցություն է ցուցաբերվել՝ յուրաքանչյուրին 300 000 դրամ։ Տարվա վերջին նախատեսվում է կրկին աջակցություն տրամադրել զոհվածների ընտանիքիներին և վիրավորներին։

Աբովյան

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը հայտնեց, որ համայնքի բյուջեով հաստատված մշակութային միջոցառումների ամբողջ գումարը ուղղվել է քաղաքում Կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիներին սնունդ և հիգիենայի պարագաներ տրամադրելու, վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների համար։ Բաց այդ, նշված գումարը, ըստ քաղաքապետի, ծախսվել է նաև պատերազմում զոհվածների հուղակավորության հետ կապված բոլոր ծախսերը հոգալու համար

Իջևան

Իջևանում ամանորյա զարդարանքի, տոնածառի, ֆուրշետների և հյուրասիրության համար գումար չի նախատեսել։ 2 մլն դրամ կտրամադրվի զոհված զինծառայողների ընտանիքիներին և Հայրենական պատերազմի վետերաններին։

Նախատեսվում է շուրջ 1 միլիոն դրամ գումարով ձեռք բերել ամանորյա նվերներ երեխաների համար։

Եղեգնաձոր

Եղեգնաձորի համայնքապետարանը միջոցառումների համար նախատեսել է 2,8 միլիոն դրամ, զարդարանքի և հյուրասիրության համար գումար նախատեսված չէ։

Այսպիսով՝ բոլոր համայնքները ամանորյա միջոցառումների համար նախատեսված ծախսերը չեղարկել են։ Նրանք որոշակի գումար փոխանցել են պատերազմից տուժած անձանց և զոհվածների ընտանիքներին։

Լուսինե Վարդանյան

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել