Ամերիկացի սենատորը Հայաստանում կքննարկի տարածաշրջանային հարցեր

Հունիսի 1-ին Հայաստան կայցելի ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս նահանգ): Նա հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը և ներքին իրավիճակին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Սենատոր Դուրբինն ու նրա ղեկավարած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենան Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների և կին քաղաքական առաջնորդների հետ:

Միացյալ Նահանգների Սենատում մեծամասնական խմբակցության թիվ երկու ղեկավար դեմքը լինելուց զատ` Սենատոր Դուրբինը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է: Նա նաև ընդգրկված է Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում, որի իրավասության դաշտում են գտնվում Եվրոպական մայրցամաքի, այդ թվում Կովկասի հետ կապված հարցերը: Ենթահանձնաժողովը զբաղվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, Եվրոպական Միության և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությանն առնչվող հարցերով:

Նշենք, որ սենատոր Դուրբինի այցին հունիսի 4-ին հաջորդելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան՝ տարածաշրջանային շրջագայության շրջանակում:

Մեկնաբանել