Զինված ուժերի ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:

«Բոլորդ գիտեք, որ պարոն Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով և պետք է արձանագրեմ, որ մենք պարոն Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել ու պարզ է եղել, որ նրա ներուժը պետք է անպայման օգտագործենք մեր պետական գործերում, ներգրավենք նրան»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Արտակ Դավթյանը շատ ծանր ժամանակահատվածում է վերստանձնում պաշտոնը, խնդիրները բազմաթիվ են։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Զինված ուժերում պետք է տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն բանակը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը:

«Այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչև այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են: Ցանկանում եմ նշել, հավաստիացնել, որ որևէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել, ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք: Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին: Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ, հարցեր, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը կառավարությունը պետք է ապահովի, մենք բոլորս պետք է ապահովենք, հատկապես այս իրավիճակում»,- նշել է վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 22-ին, հայտարարութուն է տարածել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման շուրջ, որում նշվում է, որ Արտակ Դավթյանը իրավունքի ուժով նշանակված է գլխավոր շտաբի պետ։

Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Նախագահը մարտի 11-ին առարկություններով վերադարձրել էր Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Սարգսյանը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունից հետո վարչապետը նույն օրը նախագահին էր ներկայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ կցելով հրամանագրի նախագիծը: Փետրվարի 27-ին Հանրապետության նախագահը առարկություններով հետ էր ուղարկել նշված նախագիծը: Նախագահի ներկայացրած առարկությունները վարչապետը չէր ընդունել, ինչի մասին փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին: Մարտի 10-ին Կառավարությունից հայտարարել էին, որ Օնիկ Գասպարյանը Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված է համարվում։

Մեկնաբանել