Զբոսաշրջությունը հաղթահարում է կորոնավիրուսային շոկը

Հովհաննես Նազարեթյան

Օրերս Վիճակագրական կոմիտեն հրապարակեց զբոսաշրջության մասին տվյալներ, որոնցում ուշագրավ տեղեկություններ կան Հայաստանում ոլորտի միտումների վերաբերյալ։

2021-ին Հայաստան է ժամանել 870 հազար զբոսաշրջիկ։

2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում զբոսաշրջությունը մեծ անկում գրանցեց։ Հայաստանում 2020-ին գրանցվել էր ռեկորդային թվով քիչ զբոսաշրջիկների թիվ՝ շուրջ 360 հազար, որոնց 85 տոկոսից ավելին հունվար-մարտ ամիսներին էր այցելել Հայաստան, այսինքն՝ մինչև սահմանների համատարած փակումը։

2021-ին ոլորտը մասնակի վերականգնվեց։ Այդ մասին է վկայում ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեսարժան վայրեր այցելուների թվերի աճը։ Սակայն նախորդ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն զիջում է մինչհամավարակային մակարդակին։ 2019-ին Հայաստան էր ժամանել գրեթե 1,9 մլն զբոսաշրջիկ։

Loading...

Loading…

Ով է համարվում զբոսաշրջիկ

Զբոսաշրջիկների թիվը հաշվարկելիս Վիճակագրական կոմիտեն հիմնվում է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության վրա։ Ըստ դրա՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում «ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն՝ նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Որտեղից են ամենաշատը գալիս

2021-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում ամենաշատը Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի քաղաքացիներն են։ Հատկանշական է, որ ցանկում ներառված է նաև Հայաստանը, քանի որ հաշվարկը կատարվում է ըստ այցելուների քաղաքացիության, այլ ոչ թե նրանց բնակության վայրի։

Թանգարանների և հուշարձանների այցելուների թիվը ևս աճում է

2021-ին նաև մասամբ վերականգնվել է տեսարժան վայրերի և թանգարանների այցելուների թիվը։

ՍիվիլՆեթը հարցումների միջոցով ստացավ Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից երկուսի՝ Հայաստանի պատմության թանգարանի և Մատենադարանի այցելուների թվավքանակի մասին տեղեկատվություն։ Իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տրամադրեց Գառնի և Զվարթնոց այցելածների թիվը։

Loading...

Loading…

Այսպիսով, նշված չորս վայրերից երեքում այցելուների թիվը 2021-ին աճել է։ Բացառություն է Պատմության թանգարանը, որը 2021-ին փակ է եղել՝ ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված։ Թանգարանը 2019-ին ունեցել է 106 886 այցելու, 2020-ին՝ 7 741, իսկ 2021-ին ընդամենը 6 753 այցելու։

2021-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուների թիվը կրկնապատկվել է 2020-ի համեմատ։ 2020-ին Գառնիի տաճար այցելել է 100 529 մարդ, իսկ 2021-ին՝ 242 847։ 2019-ին՝ մինչև համավարակը, Գառնի այցելուների թիվը եղել է 387 657, այդ թվում՝ 137 409 օտարերկրացի և 250 248 հայաստանցի։

Ինչ վերաբերում է Զվարթնոցին, ապա այդտեղ այցելուների թիվը դեռ էապես զիջում է 2019-ի ցուցանիշին։ Այսպես, 2019-ին Զվարթնոց այցելել էր 101 564 քաղաքացի (այդ թվում՝ 13 300 օտարերկրացի), 2020-ին՝ 10 757, իսկ 2021-ին՝ 26 362։

Իսկ Մատենադարան 2021-ին այցելել է շուրջ 70 853 մարդ, որը տասն անգամ ավել է 2020-ի ցուցանիշից (6 686), բայց դեռ էապես զիջում է 2019-ի այցելուների թվին (132 565)։

Մեկնաբանել