Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին

Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է NewsGeorgia-ն:

«Հաշվի առնելով մեր ազգային շահերը և մեր ժողովրդի շահերը, Վրաստանը չի պատրաստվում մասնակցել ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին, քանի որ, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին և մեր բնակչությանը: Համապատասխանաբար, ես՝ որպես կառավարության ղեկավար, որը պատասխանատու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության համար՝ հաշվի առնելով ազգային շահերը, կառաջնորդվեմ միայն մեր երկրի շահերով»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին։

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ
ռազմական գործողություն սկսելու մասին:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փետրվարի 24-ին հաղորդել էր, որ ռուսական զորքերն Ուկրաինա են ներխուժել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից։ Հարձակումները
տեղի են ունեցել Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի և Ժիտոմիրի
սահմաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքից։ Փետրվարի 25-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ռուսական տանկերը շարժվում են դեպի Կիև, ժամը 12:30-ի սահմաններում ռուս զինվորականներն արդեն Կիևի շրջաններից մեկում էին։

Ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժմանը զուգահեռ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ արդեն հայտարարել է ռուսական չորս բանկերի նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաև տեխնոլոգիաների արտահանման արգելք սահմանելու մասին։ Եվրամիությունը ևս պատժամիջոցների փաթեթ է պատրաստում։

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները
ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին
ուղերձից հետո։

Մեկնաբանել