Արցախի տնտեսությունը․ վիճակագրություն, միտումներ և կորուստներ

ստեփանակերտի հրապարակ

Հովհաննես Նազարեթյան

Հոդվածը լույս է տեսել Անալիտիկոն հանդեսում

Արցախի տնտեսությունը իր ծավալով բավականին փոքր է։ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով մարդկային կյանքի և տարածքների կորստի պատճառով այն էապես տուժել է։ Այս հոդվածում ներկայացված են Արցախի տնտեսության որոշ կարևոր ցուցանիշներ և դրանց դինամիկան վերջին տարիներին։ Վերջում ներկայացված են նաև պատերազմի արդյունքում Արցախի տնտեսության որոշ նշանակալից կորուստները։

Արցախի ՀՆԱ-ն

2019 թվականին՝ մինչ կորոնավիրուսի համավարակը և 44-օրյա պատերազմը Արցախը գրանցել էր իր պատմության ամենախոշոր համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն)։ Այդ տարի Արցախի ՀՆԱ-ն կազմել էր ավելի քան 340 մլրդ դրամ։

Պայմանավորված այս երկու արհավիրքներով, 2020-ին Արցախի տնտեսությունը գրանցեց 21 տոկոս անկում։ Արցախի ՀՆԱ-ն շարունակեց անկումը 2021-ին ևս՝ 2020-ի համեմատ նվազելով 8 տոկոսով, իսկ 2019-ի համեմատ՝ 27 տոկոսով։ Այսինքն, մինչպատերազմական տարվա համեմատ հետպատերազմական առաջին տարում Արցախի տնտեսությունը ավելի քան մեկ քառորդով փոքրացել է։ 2021-ին Արցախի ՀՆԱ-ն կազմել է գրեթե 250 մլրդ դրամ։

Արցախի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2021-ին կազմել է շուրջ 2,13 մլն դրամ կամ 4,440 դոլար։ Այս հաշվարկի համար որպես Արցախի բնակչության թվաքանակ ընդունենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թիվը՝ 117 հազար։ Համեմատության համար՝ Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով նախորդ տարի կազմել է 2,35 մլն դրամ (4,900 դոլար)։

Տնտեսության կառուցվածքը ըստ ոլորտների

Ըստ Արցախի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2021-ին Արցախի համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ առաջնային դեր են կատարում առևտուրը և ծառայությունները՝ 55 տոկոս։ Արդյունաբերությունը նախորդ տարի կազմել է ՀՆԱ-ի 23 տոկոսը, շինարարությունը՝ 17 տոկոս, իսկ գյուղատնտեսությունը՝ գրեթե 6 տոկոս։

Առևտրի և ծառայությունների մեծ մասը ընկնում է «Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն» և «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն» տողերին, որոնց տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում է, համապատասխանաբար, 24 և 11 տոկոս։ Իսկ արդյունաբերության ծավալի շուրջ կեսը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը (ՀՆԱ-ի 12 տոկոս)։

2019-ի համեմատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Արցախի տնտեսության կառուցվածքի մեջ։ Գյուղատնտեսությունը անկում է ապրել շուրջ 60 տոկոսով, արդյունաբերությունը՝ 45 տոկոսով, առևտուրը և ծառայությունները՝ գրեթե 20 տոկոսով։ Աճել է միայն շինարարության ծավալը՝ 14 տոկոսով։ Արդյունաբերության ամենամեծ ճյուղը՝ հանքարդյունաբերությունը անկում է ապրել 37 տոկոսով։

Ստորև ներկայացված է Արցախի տնտեսության կառուցվածքի մեջ փոփոխությունները վերջին յոթ տարիներին։ Տնտեսության բոլոր ճյուղերը մինչև 2019 թվականը աճելու միտում են ունեցել՝ բացառությամբ գյուղատնտեսության։ Իսկ 2020-2021թթ. բոլոր ճյուղերը անկում են գրանցել, բացառությամբ շինարարության, որը կապված է Արցախում ընթացող լայնածավալ բնակարանաշինության հետ։

Հատկանշական է, որ 2021-ին շինարարության 39 տոկոսը իրականացվել է պետական բյուջեի միջոցներով, 38,5 տոկոսը՝ մարդասիրական օգնության միջոցներով (այդ թվում գրեթե 15 տոկոսը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով), 17 տոկոսը կազմակերպությունների միջոցներով, և միայն 2,5 տոկոսը՝ բնակչության միջոցներով։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա 2021-ին դրա 75 տոկոսը բաժին է ընկել անասնաբուծությանը, իսկ 25 տոկոսը՝ բուսաբուծությանը։ Իսկ 2019-ին պատկերը եղել է բավականին տարբեր և ավելի հավասարակշռված։ 2019-ին բուսաբուծությունը կազմել էր գյուղատնտեսության արտադրանքի 44 տոկոսը, իսկ անասնաբուծությունը՝ 56 տոկոսը։ Այսինքն, պատերազմի հետևանքով անհամեմատելի ավելի մեծ վնաս է կրել բուսաբուծությունը, քան անասնաբուծությունը։

Պետական բյուջե

Արցախի պետական բյուջեն (ծախսերը), ի տարբերություն ՀՆԱ-ի, վերջին յոթ տարիների մշտապես աճ է գրանցել։ Բյուջեի եկամուտները շուրջ 30 տոկոս անկում էին գրանցել 2021-ին, սակայն 2022-ի բյուջեով դրանք 2020-ի համեմատ 53 տոկոսով ավել են լինելու։

Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները 2021-ին ձևավորվել են հիմնականում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ, 37,6 տոկոս), եկամտահարկի (36,3 տոկոս) և բնապահպանական և բնօգտագործման վճարների (9,7 տոկոս) միջոցով։ Շահութահարկից ձևավորված գումարը կազմում է ընդամենը 4 տոկոս։

Իսկ 2019-ին շահութահարկը կազմում էր ընդհանուր հարկային եկամուտների շուրջ մեկ հինգերորդը՝ 18,4 տոկոս, իսկ ԱԱՀ-ն և եկամտահարկը՝ 30-ական տոկոսներ։

Հայաստանի տրամադրած միջպետական վարկերը

Արցախի բյուջեի եկամուտների մեջ մշտապես զգալի դեր է կատարել Հայաստանի կառավարության կողմից Արցախի կառավարությանը ամեն տարի հատկացվող միջպետական վարկերը։

Դրանց ծավալը և դերը էապես մեծացել է 44-օրյա պատերազմից հետո։ Այսպես, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների 2015-2019թթ․ Հայաստանի հատկացրած գումարը տարեկան տատանվել է 45-60 մլրդ դրամի շրջանակներում։ 2021-ին ՀՀ կառավարությունը Արցախին տրամադրել է գրեթե 129 մլրդ դրամ, իսկ 2022-ին նախատեսում է տրամադրել 144 մլրդ դրամ։

Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող գումարների աճը բնականաբար պայմանավորված է հետպատերազմական ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով։ Միևնույն ժամանակ, դրա արդյունքում Արցախի ֆինանսական կախումը Հայաստանից էլ ավելի է մեծացել։

Միջպետական վարկերից բացի, 2020-ին և 2021-ին Հայաստանի պետական բյուջեից Արցախին է փոխանցվել, համապատասխանաբար, 12,7 և 50,5 մլրդ դրամ։ Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած տվյալների, այս գումարները գրեթե ամբողջությամբ ուղղվել են պատերազմի հետևանքով արցախցիների սոցիալական աջակցությանը, այդ թվում միանվագ կամ պարբերական դրամական օգնության տեսքով։

Արտաքին առևտուր՝ արտահանում և ներմուծում

Արցախի արտաքին առևտրաշրջանառությունը մինչպատերազմական շրջանում մեծ տեմպերով աճում էր։ 2019-ին 2015-ի համեմատ այն կրկնապատկվել էր: Հատկապես տպավորիչ աճ էր գրանցվել արտահանման մեջ։ Այդ տարիներին Արցախից արտահանումը աճել էր շուրջ 4,5 անգամ։ 2015-ին Արցախից արտահանվել է 62 մլն դոլարի ապրանք, իսկ 2019-ին այն հասել է 283 մլն դոլարի։ Նույն ժամանակահատվածում ներմուծումը աճել էր 1,5 անգամ։

Տնտեսության ընհանուր միտումներին համահունչ՝ Արցախի արտաքին առևտրաշրջանառությունը 2020 և 2021 թթ․ մեծ անկում է գրանցել։ Արտահանումը 2021-ին 2019-ի համեմատ նվազել է 65 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 31 տոկոսով։

Քանի որ Հայաստանը և Արցախը փաստացի կազմում եմ մեկ միասնական մաքսային տարածք, ՀՀ բեռնամաքսային հայտարարագրերում Արցախի վերաբերյալ տվյալներն առկա չեն: Հայաստանի վիճակագրական կոմիտեի արտաքին առևտրի տվյալների բազայում ներկայացված է ՀՀ և ԼՂՀ միջև առևտրաշրջանառության մի փոքր մասը միայն։ Մասնավորապես, ՀՀ-ԼՂՀ առևտրաշրջանառության վերաբերյալ տվյալներն արտացոլում են միայն էներգետիկայի ոլորտը:

Արցախից Հայաստան էներգետիկայի ոլորտի ներմուծումները 2015-ից սկսած զգալիորեն աճել են և 2020-ին հասել են գրեթե 10 մլն դոլար։ 2021-ին ցուցանիշը խորը անկում է գրանցել և վերադարձել 2015-ի մակարդակին։ Փոխարենը Հայաստանից Արցախ էներգետիկայի ոլորտի արտահանումները, որոնք հիմնականում տատանվել են 2-4 մլն դոլարի շրջանականերում, 2021-ին էապես աճել են և հասել 6,3 մլն դոլարի։

Արցախի տնտեսական կորուստները 2020-ի պատերազմի հետևանքով

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան կամ նոյեմբերի 10-ի եռակող հայտարարությամբ Ադրբեջանին հանձնվեցին մի շարք տնտեսապես կարևոր տարածքներ և հաստատություններ։ Դրանց թվում են Քաշաթաղի շրջանի հարավում՝ նախկին Զանգելանի շրջանում գտնվող Թոնդիրգետի ոսկու հանքավայրը, Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանը և նույն շրջանի Շեխեր գյուղի գինու գործարանը։

Արցախը պատերազմի հետևանքով նաև կորցրել է շուրջ 95 հազար հեկտար վարելահող, որում կատարվում էր ավելի քան 70 հազար հեկտար ցանքս, այդ թվում 50 հազար հա հացահատիկի ցանքս։ Սա կազմում է Արցախի հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90 տոկոսը։ Ադրբեջանի վերահսկողությանն է անցել նաև շուրջ 450 հեկտար հատիկաընդեղենի մշակաբույսերի ցանքատարածություններ, որոնք կազմում են ընդհանուրի 30 տոկոսը։

Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում նաև կային գործող 29 հիդրոէլեկտրակայան։ Մինչ պատերազմը Արցախում ընդհանուր առմամբ գործում էր 37 ՀԷԿ։ Դրանց դրվածքային ընդհանուր հզորությունը 187,5 ՄՎտ էր, իսկ Արցախի վերահսկողության տակ մնացածների հզորությունը՝ 2,5 անգամ քիչ՝ 75 ՄՎտ։ Հատկանշական է, որ 2016-2020թթ․ Արցախը սկսել էր զգալի ծավալի էլեկտրաէներգիա առաքել Հայաստան։ Այդ տարիներին Հայաստան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել էր 4,5 անգամ՝ 48․1 մլն կՎտ/ժամից դառնալով 223 մլն կՎտ/ժ։ Սա պայմանավորված էր Արցախում կառուցվող ՀԷԿ-երի աճող թվով։

Մեկնաբանել