Զինծառայողը 200 դոլարի դիմաց պետական դավաճանություն է կատարել

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը։

Զինվորականը 2022-ի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից, որից հետո հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսապ» հավելվածի, ինչպես նաև «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։

«Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների: Նա օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն»,- ասված է հաղորդագրությունում։

Զինծառայողը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մեկնաբանել