ՊԵԿ-ը կստանա բանկային և ապահովագրական գաղտնիքներ՝ առանց դատարանի որոշման

Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է թույլատրելիություն ստանալ բանկային և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին։ Համապատասխան նախագիծը ներկայացվել է իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախագծերի փաթեթի՝ սա հնարավորություն կտա առավել պատշաճ, ամբողջական և բազմակողմանի հարկային հսկողություն իրականացնելու և տնտեսական հանցագործությունները բացահայտելու համար, հատկապես՝ ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարվող գործարքների վերաբերյալ։

ՊԵԿ-ը որոշման նպատակահարմարությունը հիմնավորում է նրանով, որ հարկային հսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտները և ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։ Ըստ օրենքի նախագծերի հիմնավորման՝ սա բերում է եկամուտների թերհայտարարագրման բացահայտումների անհնարինության։

ՊԵԿ-ը նախատեսում է, որ նմանաբնույթ տեղեկատվություն պիտի ստանա առանց դատարանի համապատասխան որոշման, սակայն՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ ընդունված կարգի միջոցով։

ՊԵԿ-ը, բացի բանկային տվյալներից, ցանկանում է ունենալ նաև ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ. «Խնդիրներն առաջանում են այն իրավիճակներում, երբ ապահովագրական ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում վերջիններիս համախառն եկամուտը /ապահովագրական հատուցումների պարագայում՝ որպես ծախս, իսկ ապահովագրական վճարների պարագայում՝ որպես եկամուտ/ պարզելու նպատակով՝ պահանջվում են փաստաթղթեր՝ պայմանագրեր, ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ: Սակայն դրանց՝ ապահովագրական գաղտնիք համարվելու հիմքով ապահովագրողի կողմից այդ փաստաթղթերը չեն տրամադրվում հարկային մարմնին՝ հաշվի առնելով այն, որ ներկայումս գործող օրենսդրական կարգավորումներով դրանք կարող են տրամադրվել միայն դատարանի որոշումների հիման վրա»,-նշված է հիմնավորումներում։

Որպես օրինակներ բերվել են ռուսաստանյան և ֆրանսիական կարգավորումները։

2019-ին կառավարությունը նախաձեռնեց, իսկ խորհրդարանն էլ ընդունեց նախագծերի փաթեթ, որը վերաբերում էր քննիչների` բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հասանելիությանը։ 2020-ից պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց բանկային տվյալներին հասսնալիություն ստացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Մեկնաբանել