Արտատարածաշրջանային խաղացողները փորձում են անկայունություն մտցնել Հվ․ Կովկասում․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը Հարավային Կովկասում տեսնում է անկայունություն մտցնելու ոչ տարածաշրջանային խաղացողների փորձերը, հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դիվանագիտական ու միջնորդական աջակցությունն են սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Մենք տեսնում ենք մի շարք ոչ տարածաշրջանային խաղացողների փորձերը՝ անկայունություն մտցնելու տարածաշրջանում, որը նոր-նոր, իրավական շրջանակներում ձևակերպված, հնարավորություն է ստացել դուրս գալու ձգձգվող ճգնաժամից․․․ կամ Ուկրաինայում անկայունությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատված, այդ թվում՝ Հարավային Կովկաս»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է միջոցներ ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափման համար, և համապատասխան քայլեր են ձեռնարկվում ՀԱՊԿ-ի միջոցով։

«Անհրաժեշտ է ապահովել կայուն զինադադար և բոլոր ուժերի վերադարձը նախկին դիրքեր»,- ասել է նա։

Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու թեման՝ նա ասել է, թե անհնար է իրականը փոխարինել երևակայական բանով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստում առաջարկել է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար։ Նախօրեին Ադրբեջանի հերթական ագրեսիայի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել։

«Մենք հանդես ենք գալիս հօգուտ բոլոր այն համաձայնագրերի լիարժեք և խստիվ կատարման, որոնք կնքվել են երեք երկրների կողմից՝ լուծելու ձգձգվող այդ հակամարտությունը, որը բազմիցս վերածվել է վտանգավոր, արյունալի բախումների»,- ասել է նա։

«Այդ փաստաթղթերը համաձայնեցված են ոչ միայն միջնորդի և առանձին երկրի միջև, այլև այն երկրների միջև, որոնք այս երկարատև հակամարտությունների պատմության մաս են կազմում: Ահա թե ինչու դրանք անգնահատելի են և իրական, ոչ թե երևակայական ճանապարհային քարտեզ են»,- ասել է նա:

Մեկնաբանել