ԵՄ դիտորդները հրադադարի պահպանման համար չեն, նրանց առաքելության էությունն ավելի խորն է․ Փաշինյան

Հայաստանի սահմանին տեղակայված ԵՄ դիտորդները հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ չեն իրականացնում, նրանց առաքելության էությունն ավելի խորն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդների տեղակայումից հետո հայ-ադրբեջանական սահմանին հրաձգության դեպքերին։

Փաշինյանի չի կարծում, որ դիտորդները «այստեղ են ամեն օր հայտարարություններ անելու համար»

«Նրանք իրենց գործունեության արդյունքում ավելի խորը հետևություններ պետք է անեն և այդ հետևությունները պետք է փոխանցեն նաև դելիմիտացիայի գործընթացում ներգրավված պաշտոնյաներին և միջազգային հանրությանը»,- ասաց վարչապետը։

***

Հոկտեմբերի 17-ին Եվրամիության Խորհուրդը որոշում էր կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։

Պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն բաղկացած է լինելու առավելագույնը 40 դիտորդ-փորձագետներից, որոնք կդիտարկեն, կվերլուծեն և կզեկուցեն տարածաշրջանի իրավիճակի մասին։

Մեկնաբանել