Ատեստավորման գործընթացում ցանկացած անարադարություն ԶՈւ-ում շատ ավելի ծանր վիճակ է ստեղծելու․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ պայմանագրային զինծառայողների ատեստավորման նախագծում բազմաթիվ ռիսկեր կան․ «Ատեստավորման ցանկացած խափանում, ցանկացած անարադարության դրսևորում զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր իրավիճակի, քան այսօր մենք ունենք»,- նոյեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է պատգամավորը, փոխանցում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Աբրահամյանի խոսքով՝ առաջին հերթին նախագծում սահմանված չէ Կառավարության այն որոշումը, որով կարգավորվում է ատեստավորման գործընթացը, այսինքն` ի՞նչ չափորոշիչների հիման վրա է կատարվելու, ի՞նչ սկզբունքներով է իրականացվելու: Երկրորդը, ըստ նրա՝ նույնիսկ ամենասկզբունքային և ամենաարդարացի մեխանիզմների ներդրման պարագայում էլ խրախուսման համակարգը պետք է ներդրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը և մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները կլինեն համապատասխան մակարդակի։

«Օրինակ` եթե պարեկային ծառայողի բազային աշխատավարձը 270 հազար դրամից է սկսվում, իսկ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը` 120-125 հազարից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմական իրավիճակում ծառայություն իրականացնողի բազային աշխատավարձը ցածր է, իսկ մենք միայն խրախուսման համակարգով ենք փորձում կարգավորել, այն էլ որևէ ձևով պարզ չէ` այդ ատեստավորման արդյունքում որքա՞ն զինծառայող հնարավորություն կստանա ավելի բարձր աշխատավարձ ստանալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:

***

Կառավարությունը նախատեսում է զինված ուժերում ատեստավորման համակարգ ներդնել։ Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովին ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ատեստավորումը գործելու է մարտական խնդիրներ իրականացնող պայմանագրային զինծառայողների դեպքում։ «Հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր»,- նշել է նախարարը։

Մեկնաբանել