Պեսկովն արձագանքել է Փաշինյանի՝ ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու հայտարարությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ չեն անցկացվի։

«Սա ՀՀ վարչապետի կողմից բավականին նոր հայտարարությունն է։ Կարծում եմ ՝ ՀԱՊԿ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է։ Մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերի շուրջ, որոնք այժմ բավական բարդ են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

***

Հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններ չեն անցկացվի․ «Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություն անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժությունները համենայնդեպս այս տարի Հայաստանում չեն կայանա»։

Տարեսկզբին ՌԴ պաշտպանության նախարարությունն, այնինչ, հայտարարել էր Հայաստանում «Անխորտակելի եղբայրություն 2023» համատեղ զորավարժություն անցկացնելու մասին։

Մեկնաբանել