Շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման նպատակով Արցախում կստեղծվի աշխատանքային խումբ

Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ հունվարի 16-ին, տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը, հայտնում են պետնախարարի աշխատակազմից։

Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում․ «Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է նա

Միաժամանակ շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը, ըստ նրա, ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:

Նշվում է, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Արցախում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Մեկնաբանել