Կոչ ենք անում լիարժեք վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Պետքարտուղարություն

«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գործընթացը առաջ ենք տանում բազմաթիվ կառույցների միջոցով»․ հունվարի 24-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Պատասխանելով հարցին, թե պետքարտուղարը ունի՞ հստակ պատկերացում՝ որտեղ է կանգ առել բանակցային գործընթացն այս փուլում, Փրայսն ասել է, որ իրենք ունեն տարբեր մտահոգություններ, և դրանք վերաբերում են Լաչինի միջանցքին։

«Մենք մտահոգված ենք, որ իրավիճակը վատթարանում է․ Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական վիճակը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքում այլոց ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքով առևտրային և մասնավոր փոխադրումների շարունակվող խոչընդոտումը սննդի, վառելիքի և դեղորայքի պակասի է հանգեցնում բնակիչների համար, որոնք կախված են միջանցքից այդ հիմնական պաշարների համար։ Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն ավելի են խորացնում վատթարացող հումանիտար իրավիճակը։ Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, այդ թվում՝ առևտրային և մասնավոր ուղևորությունները։ Մենք հավատացած ենք՝ անհրաժեշտ է գտնել փակուղային իրավիճակի հանգուցալուծում, որը կապահովի տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը։ Կարծում ենք, որ առաջընթացի ճանապարհը, ինչպես ավելի վաղ նշեցի, բանակցությունների միջոցով է: Մենք հավատարիմ ենք մնում տևական խաղաղությանն աջակցելուն»,- ասել է խոսնակը։

Հունվարի 23-ին տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը, որի ընթացքում պետքարտուղարը Ալիևին հորդորել է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար։

Մեկնաբանել