Հայաստանի բանկերը 1,6 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել արտասահմանում

Հայաստանի առևտրային բանկերը 1,6 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել արտասահմանում՝ օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններում և պարտատոմսերում: Այդ խոշոր գումարը 2022-ի հունվար-սեպտեմբերին արտահոսել է և հանգրվանել արտասահմանյան ակտիվներում՝ Հայաստանի շուկայի կապիտալի կլանման սահմանափակ հնարավորությունների պատճառով:

Modex խորհրդատվական ընկերության հաշվարկների համաձայն՝ ՀՀ բանկերում դրամական միջոցների և ավանդների կտրուկ ներհոսքը, որն անցյալ տարվա կտրվածքով կազմել է շուրջ 1 մլրդ դոլար, հիմնականում ապահովվել է Ռուսատսանից դրամական միջոցների ներհոսքի ու ՀՀ տեղափոխված ռուսաստանցի միգրանտների շնորհիվ: Նույն գործոնով պայմանավորված՝ բանկերում դիտարկվել է զուտ շահույթի կտրուկ աճ, որը 2022-ին կազմել է մոտ 257 մլրդ դրամ (654 մլն դոլար)՝ երեք անգամ գերազանցելով 2021 թվականի ցուցանիշը:

«Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 62,2 մլրդ դրամ: Բոլոր բանկերը, բացի VTB-ից, աշխատել են շահույթով, իսկ շահույթ արձանագրած 16 առևտրային բանկերից երկուսի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում», – հայտնում է Modex-ը։

Նշվում է նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկային հատվածի իրականացրած օտարերկրյա ներդրումները կազմել են 2,577.4 մլն դոլար, ինչը շուրջ երեք անգամ գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը։

2022 թվականի հունվար-սեպտեմբրին բանկերը կտրուկ՝ 1,3 մլրդ դոլարի չափով, ավելացրել են իրենց ակտիվներն օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններում: Դա տեղի է ունեցել ոչ ռեզիդենտ անձանց նկատմամբ դրամական միջոցների և ավանդների տեսքով պարտավորությունների կտրուկ աճի արդյունքում: «Բացի այդ, 134 մլն դոլարով աճել են պարտքային գործիքներում իրականացված ներդրումները, 108 մլն դոլարով՝ վարկերը և 81 մլն դոլարով՝ այլ ներդրումները», – նշում են Modex-ի փորձագետները։

2022-ի առաջին տասն ամիսներին արտերկրից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց իրականացրած մասնավոր դրամական փոխանցումները կազմել են 4,1 մլրդ դոլար, որը կրկնակի գերազանցում է 2021-ի ամբողջ տարվա փոխանցումների ամբողջական ցուցանիշը՝ 2,1 մլրդ դոլար։ Փոխանցումների ավելի քան 68%-ը կատարվել է Ռուսաստանից՝ շուրջ 2,8 մլրդ դոլար: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 551 մլն դոլար ցուցանիշով:

Հատկանշական է, որ դրամական փոխանցումների ամբողջ ծավալը չէ, որ մնում է Հայաստանում․ մի մասն արտահոսում է: 2022-ի տասն ամիսներին Հայաստանից ընդհանուր առմամբ արտահոսել է ավելի քան 2 մլրդ դոլար: Զուտ ներհոսքը կազմել է շուրջ 2,1 մլրդ դոլար:

Մեկնաբանել