Եգիպտոսը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին։ Հունվարի 29-ին հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Նույն օրը կառավարությունում Եգիպտոսի նախագահին հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է, և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք», – ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հայաստանի նախագահը կարևորել է հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացման ներուժի ամբողջական օգտագործումը՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ-եգիպտական բազմաշերտ համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իր խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների…

Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»:

Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում լավագույն փորձի փոխանակմանը, տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, մասնավորապես՝ այս նպատակով Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների իրականացման հնարավորություններին:

Կառավարությունում ընդլայնված կազմերով հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է․ «Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է միջազգային ասպարեզում, և թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր վստահությունն էլ ավելի կխորանա Ձեր այս պատմական այցի արդյունքներով: Նաև մեր այս հարաբերությունների ջերմությունը, կարծում եմ, ի ցույց է դնում մեր առանձնահատուկ հարաբերությունները Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների համատեքստում: Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և խոսակցության մեջ:

Մեր այս հարաբերությունները, մեր այս ջերմությունն ի ցույց է դնում նաև իսլամական աշխարհի և քաղաքակրթության նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր հարգանքը: Կարևոր գործնական արդյունք է նաև այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ կհանձնարարենք մեր նախարարներին, որպեսզի 2023 թվականին միջկառավարական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա: Տնտեսական փոխգործակցության զարգացման այն հնարավորությունները, որոնք Դուք մատնանշեցիք, ես ասացի, որ շնորհակալությամբ ենք ընդունում և անպայման ամեն ինչ կանենք այդ օրակարգն իրացնելու համար»։

Նիկոլ Փաշինյանը, կարևորելով միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, բարձր է գնահատել Եգիպտոսի աջակցությունը Հայաստանին հատկապես այն կազմակերպություններում, որոնց մեր երկիրը չի անդամակցում։ Հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։

Մեկնաբանել