Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային և տնտեսական հարցեր

Ապրիլի 17-ին Ռիյադում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն է: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներում փոխգործակցության զարգացումը խթանելու, երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու և համապատասախան իրավապայմանագրային բազա ձևավորելու պատրաստակամությունը»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ու առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է լոգիստիկ փոխկապակցվածության ավելացմամբ, ինչը նշանակում է թե տնտեսական շահ, թե կայունություն: Այս համատեքստում նա ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացման հեռանկարներին: Ընդգծվել է պարբերական ուղիղ չվերթների կարևորությունը, որոնք նպաստում են նաև մարդկանց միջև շփումների և գործարար կապերի խթանմանը։

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունն արաբական բոլոր երկրների հետ, որի դրսևորումն էր նախորդ տարի առաջին անգամ մասնակցությունն Արաբական պետությունների լիգայի նախարարական հանդիպմանը․ «Շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը»,- ասել է նա։

Այցի ընթացքում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման ու կրթության նախարարների հետ։

Մեկնաբանել