Մերոնք Բիթլիսից չեն, հնարել եմ

Հայ գաղթականների կոնցենտրացիոն ճամբար Մեսքենեում, Եփրատի ափին, 1915։ Արմին Վեգների լուսանկարների արխիվից։

Երբ դպրոցում հերթը հասավ Հայ ժողովրդի պատմություն առարկայի (մեր ժամանակ դա այդպես էր կոչվում) ամենաողբերգական մասին, օրվա ուրախությամբ ապրող 70-80-ականների սերունդ իմ դասարանցիները մեկ էլ հանկարծ սկսեցին անուններ տալ՝ Մուշից են պապս ու տատս, մերոնք սասունցի են։ Հերոսական բաներ էին պատմում, ողբերգական բաներ։ Ես պատմություն իրենցից լավ գիտեի, բայց չէի պատկերացնում, որ իրենք իրադարձություններին անմասն չեն։

Ու անհարմար էի զգում, որ իմ ընտանիքից պատմելու բան չկա։ Նույնիսկ նախանձում էի՝ հերոսականությունը գերակա շահ ճանաչելու տարիքն էր։ Մերոնք ոչ մի տեղից չէին բռնագաղթել, չէին սպանվել, որբանոցներում չէին մեծացել։ Ինչ-որ հարթ պատմություն էր ստացվում իմ պատմությունը։ Ու ես նոր էի սկսել Սարոյան կարդալ, բռնեցի հայտարարեցի, թե՝ մերոնք Բիթլիսից են։

Այդքանը։ Բա ի՞նչ ասեի․ որ հորս հորական պապ Հարությունն ու տատ Մանուշակը, մորական պապ Հայկն ու տատ Մարիամը, մորս հորական պապ Բաղդասարն ու տատ Վարսենիկը, մորական պապ Տիգրանն ու տատ Վարսենիկը ու նրանց նախնիները միշտ ապրել են Ղարաբաղու՞մ։ Չէր անցնի այսպիսի պատմությունը 13 տարեկանում։

Սարոյանը փրկեց։

Հայրս վաթսունհինգի ցույցերի մասնակիցներից էր։ Մինչև իմ ցույցերի հերթը գար, գժվելու բաներ էր պատմում։

Իմ շուրջը չէի գտնում ավելի «եղեռնացված» ընտանիք, քան մերը։

Լևոն- Զավեն Սուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ»-ը տպագրվել է 1979-ին, կարդացել եմ 9 տարեկանում։ Երևի չէր կարելի։ Տրապիզոնը իմ մեջ մնաց ընդմիշտ հարազատ ու ողբերգական քաղաք։ Մեկ անգամ եմ կարդացել, բայց մանրամասները, քաղաքի փողոցները, տների դիրքը, երեխաների դեմքերը․․․

«Ռանչպարների կանչը» հաջորդն էր։ Հետո մյուսները, հետո հաջորդները, հետո պատմությունը որպես գիտություն։ Այդպես «եղեռնացված» հասունացանք։ Շատ հաճախ էի ասում․ «երանի եղած չլիներ», որովհետև դրա հաղթահարման ձևը չէի գտնում։

Ցեղասպանության իննսունամյակի օրը Երևանում համաժողով էր։ Բարձր ջերմություն ունեի, ու պառկած լսում էի ելույթները։ Հանկարծ սկսեց խոսել Մուրատ Բելգեն։ Սկզբում ձայնը, հետո խոսքը, բովանդակությունը ստիպեց վեր կենալ։ Ինձ թվաց՝ րոպեների ընթացքում ամեն ինչ սկսեց փոխվեց։ Թուրքիայի հայտնի մտավորական Բելգեն փոխեց իմ «եղեռնացված» լինելու վիճակը։

Ուղիղ մեկ տասնամյակ հետո՝ Ցեղասպանության հարյուրամյակից հետո սուր ընկալման էջը շրջվեց։

Հարյուր տարին ժամանակ է, և ժամանակը շրջել էր էջը։ Տարվա մեջ մեկ անգամ էի արդեն ատելության ցասում ունենում, երեկոյան նայում էի «Մայրիկ»-ը, վայելում դրա հոգեհիգիենիկ էֆեկտը, իսկ հաջորդ օրը ապրիլի քսանհինգն էր ուղղակի։

Հետո եղավ 2020-ի սեպտեմբերի 27-ը։

Թուրքական վախը մենք հարյուր տարի միֆականացրել էինք այն առումով, որ դա վերածել էինք բանաստեղծության, պոեմի, վեպի, պատմվածքի, երաժշտության, պիեսի, կտավի ու Թուրքիան, վախը դադարել էին իրական լինել։

Բայց միֆականացնելով՝ մենք հավելյալ սարսափ էինք հաղորդել։

Ու հանկարծ, հարյուրամյակը նշելուց մի քանի տարի հետո, երբ թվում էր՝ էջը շրջված է, թուրքական զենքը Արցախում սպանում է հինգ հազար հայ զինվորի, Թուրքիայի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում ընդունում է զորահանդեսը ու ասում իրական բաներ։

Միֆականացված վախը անսպասելիորեն՝ քնած վիշապի նման արթնանում է։ Մի բան է երբ սովորական, իրական հակառակորդն է պատերազմ սկսում, այլ բան, երբ դարով միֆականացված ու հավելյալ վախով սնուցվածը։

2020-2023-ը ցեղասպանության մասին մտածելու ժամանակ չկար։

Այսօր առավոտյան, երկարատև ապաքինումից հետո առաջին անգամ, երբ լրահոսի առաջին պատկերը՝ 1915-ից հետո Գյումրիի որբանոցի մանուկների քանակը տեսա, «հիվանդությունը» վերադարձած զգացի։

Մեկնաբանել