Մոսկվան պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանազատմանը․ Զախարովա

Մոսկվան կրկին պատրաստակամություն է հայտնել սահմանազատման հարցում օգնել Հայաստանին և Ադրբեջանին։

«Մենք հաստատում ենք պատրաստակամությունը հետագայում ևս կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման հարցում՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների վրա»,- ապրիլի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործանախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանն աջակցում է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։

«Պայմանավորվածությունները պետք է կրեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ, հիմք ծառայեն տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար:

Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։

Մեկնաբանել