Կորոնավիրուսի միջոցների հափշտակման գործով ստուգվում են բանկային փոխանցումներն ու դրանց շահառուները

Հայաստանում կորոնավիրուսի համար հատկացված միջոցների հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործը «կենտրոնացել է մի շարք անձանց բանկային փոխանցումների, դրանց հետագծելիության վրա»։ Ապրիլի 29-ին խորհրդարանում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Այս գործի մի դրվագը, որը ներառում է առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի նկատմամբ մեղադրանքը, անցած շաբաթ ուղարկվել է դատարան։ Ըստ գործի այդ դրվագի՝ հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ, նաև կազմվել էին 829 հիվանդանոցային կեղծ պատմագրեր։ Վարդապետյանի խոսքով՝ քրեական գործի այս դրվագն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, գործի մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։

Վարդապետյանը նշում է՝ «կան նաև տվյալներ այն անձանց մասով, ովքեր այս կամ այն կերպ հանդիսանում են բանկային փոխանցումների շահառու»։

«Գործում կան տվյալներ այն մասին ու մեղադրյալներին էլ դրանք ներկայացվել են, որ նախաքննությունը բացահայտել է ոչ իրավաչափ միջամտություն վարույթի նկատմամբ։ Դրանք փաստագրված են գործի մեջ»,- հայտարարեց նա։

Ըստ գլխավոր դատախազի՝ այս քրեական գործով մեղադրյալներից մեկը նախաքննության ամբողջ ընթացքում հերքում էր մեղադրանքը, սակայն վերջերս իրավապահներին է ներկայացրել իր էլեկտրոնային փոստում առկա տվյալները։ Դրանցում ամփոփված են տեղեկություններ այն մասին, որ վերջինս ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձի զեկուցել է կոնկրետ բուժհաստատությունում հնարավոր խախտումների ու ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ։

Մեկնաբանել