Հայ-ադրբեջանական բանակցությունները լինելու են երկկողմ, ոչ թե ղազախական միջնորդությամբ․ պաշտոնական Աստանա

Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, փոխանցում է «Սպուտնիկի» ղազախական ծառայությունը։

«Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում։ Եթե կողմերը խաղաղության հասնեն, և դա ստորագրվի մեզ մոտ, դրական ազդեցությունը կանդրադառնա ոչ միայն Ղազախստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Սմադիյարովը:

***

Ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին․ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա»։

Հայաստանի ԱԳՆ-ն ապրիլի 26-ին կողմ էր արտահայտվել Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման անցկացմանը՝ նշելով, որ Երևանը «կողմ է միջնորդական ջանքերին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին»։

Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար․ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն, իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար»,- նշել էր Տոկաևը։

Մեկնաբանել