Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշեց Բադալյանը։

***

Ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին․ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա»։

Հայաստանի ԱԳՆ-ն ապրիլի 26-ին կողմ էր արտահայտվել Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման անցկացմանը՝ նշելով, որ Երևանը «կողմ է միջնորդական ջանքերին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին»։

Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար․ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն, իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար»,- նշել էր Տոկաևը։

Մեկնաբանել