Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում

2024-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքներն աճել են 42,3 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած շուկայի վերլուծության տվյալներից։

Այս տարվա առաջին եռամսյակում Երևանում իրականացվել է 4 294 գործարք՝ անցած տարվա առաջին եռամսյակի 3017 գործարքի փոխարեն։ Գործարքներն աճել են չորս վարչական շրջաններում՝ Ավանում, Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում, Շենգավիթում, մնացած յոթում դրանք նվազել են։

Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի հետ կապված գործարքները Երևանում աճել են 26,3 տոկոսով։ Գործարքները հիմնականում վերաբերել են բնակարաններին, արտադրական ու հասարակական նշանակության շինություններին, ավտոտնակներին։ Այս ամենով հանդերձ Երևանում շարունակվում է բնակարանների գների աճը։ Ըստ Կադաստրի՝ բնակարանի 1 քառակուսի մետրի միջին շուկայական գինն աճել է․

Կենտրոնում 13,3 տոկոսով և կազմել 901 800 դրամ

Արաբկիրում 14,6 տոկոսով և կազմել 637 300 դրամ

Քանաքեռ-Զեյթունում 8,7 տոկոսով և կազմել 426 700 դրամ

Նոր-Նորքում 16,5 տոկոսով և կազմել 391 750 դրամ

Էրեբունիում 15,1 տոկոսով և կազմել 401 000 դրամ

Շենգավիթում 12,2 տոկոսով և կազմել 392 800 դրամ

Դավթաշենում 15,6 տոկոսով և կազմել 469 300 դրամ

Աջափնյակում 11,1 տոկոսով և կազմել 404 900 դրամ

Մալաթիա-Սեբաստիայում 9,4 տոկոսով և կազմել 385 200 դրամ

Ավանում 12,6 տոկոսով և կազմել է 392 400 դրամ

Նուբարաշենում 10,5 տոկոսով և կազմել է 227 600 դրամ

Հայաստանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների ծավալն ավելացել է 20 տոկոսով։ Հիմնական աճը գրանցվել է Լոռիում, Գեղարքունիքում, Տավուշում և Վայոց ձորում։

Հանրապետությունում 12,4 տոկոսով աճել է հողերի առքուվաճառքը։ Ընդ որում՝ Երևանում հողերի առքուվաճառքի գործարքները նվազել են 7,3 տոկոսով, Սյունիքում՝ 49 տոկոսով։ Փոխարենը երկու անգամ ավելացել են Գեղարքունիքում հողերի առքուվաճառքի գործարքները, 55 տոկոսով՝ Լոռիում, 76 տոկոսով՝ Տավուշում։

Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում աճում են նաև վարձակալության գործարքները։ Առաջին եռամսյակում դրանք աճել են 21,3 տոկոսով։ Երևանում անշարժ գույքի վարձակալության գործարքներն աճել են 46 տոկոսով։ Նման աճը կարող է պայմանավորված լինել օրենսդրական փոփոխությամբ, ըստ որի՝ հունվարի 1-ից վարձակալության տրված գույքի դեպքում պետք է կնքվի համապատասխան պայմանագիր ու վճարվի եկամտահարկ։ Գույքը վարձակալության հանձնելու և եկամտահարկ չվճարելու դեպքում կիրառվում է տուգանք։

Վարձակալության գործարքներն աճել են նաև Լոռիում, Արագածոտնում, Արմավիրում և Կոտայքում։

Ամենաշատ վարձակալության գործարքներն եղել են հասարակական նշանակության շինությունների և հողերի հետ կապված։

Մեկնաբանել