Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը, ականազերծում է իրականացվում

Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունները ՍիվիլՆեթը ներկայացրել է ուղիղ հեռարձակմամբ․

11:05

Մի քանի ժամ անց կիրանցիներն ազատ են արձակվել, բայց բնակիչներին ոստիկանները գյուղ չեն թողնում մտնել։

***

9:30

Այսօր առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել ճանապարհը փակած կիրանցիներին, հայտնում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա տեղեկացնում է, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում:

Ներքին գործերի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ոստիկանության Տավուշի բաժին է տարվել 31 քաղաքացի։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Ապրիլի 29-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես տեղում, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:

Մեկնաբանել