Բագրատ սրբազանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ

Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ։ Քիչ անց կմեկնարկի հանրահավաքը։ Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում երթի մասնակիցներին հազարավոր մարդիկ են դիմավորել։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա երթը մեկնարկել էր Աբովյան քաղաքից՝ ժամը 11:00-ին։

Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը հայտարարություններ են տարածել՝ շարժման անդամներին հորդորելով պահպանել օրինականությունը, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։

Հանրահավաքն ուղիղ հեռարձակմամբ՝ ստորև․

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:

Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի»,- երթի մեկնարկին ասել է Տավուշի թեմի առաջնորդը։

Մեկնաբանել