Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների դուրսբերումը. Պեսկով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը հավելել է, որ hայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացնում է, որ հանդիպմանը հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը:

«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոնջորյանը։

Մայիսի 8-ի ուշ երեկոյան Կրեմլում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են տնտեսական, տարածաշրջանում անվտանգությանը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Մեկնաբանել