Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանում անվտանգությանը, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր

Մայիսի 8-ի ուշ երեկոյան Կրեմլում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են տնտեսական, տարածաշրջանում անվտանգությանը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Պուտին-Փաշինյան հանդիպումը հաջորդել է ԵԱՏՄ-ի տասնամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին։ ՌԴ նախագահն իր խոսքում նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի համար դրական նշանակություն ունի համագործակցությունն ԵԱՏՄ-ում։ Նա նկատել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2015-ից ավելացել է 14 անգամ, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի միայն կազմել է յոթ միլիարդ դոլար․ «Նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել»,- ընգծել է Պուտինը։

«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ևս զարգանում են հաջողությամբ: Մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը։ Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության հարցերին անդրադառնալ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վերջին երկկողմ հանդիպումը կայացել է դեկտեմբերին և «այս ընթացքում կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել»։

«Իհարկե, տնտեսական հատվածն արդեն քննարկել ենք նիստի ընթացքում, և վստահ եմ, որ այժմ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը, տարածաշրջանային հարցերը»,- նշել է վարչապետը։

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը սրվել է 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ 2022-ի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

2024-ի մարտի 12-ին Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է․ «Մենք պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մեկ հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»։ Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այդ պատասխանը կհամապատասխանի ՀՀ պատկերացումներին, դա կնշանակի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։ ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովներին, սակայն, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է։

Մեկնաբանել