Որ դեպքում Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյանի պատասխանը

Armenian Prime Minister Nikol Pashinyan (PHOTO: Ria Novosti)

Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին․ կազմակերպության նիստերին չի մասնակցում, մշտական ներկայացուցիչ էլ չի նշանակում, բայց սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական է։ Մարտի 12-ին Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ակնկալում ենք, խնդրում ենք, պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մեկ հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Մենք ՀԱՊԿ-ի հետ կաված պրոբլեմ չենք ստեղծել, բոլոր պրոբլեմները սկսվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում ու պատասխան չենք ստացել»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այդ պատասխանը կհամապատասխանի ՀՀ պատկերացումներին, դա կնշանակի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը հասցեագրված են ու լուծված, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Փաշինյանն ասաց, որ վերջին անգամ ՌԴ նախագահի հետ խոսել է Ամանորից առաջ։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

Մեկնաբանել