Հայաստանը նաև դե յուրե կսառեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եթե ներկա իրավիճակը շարունակվի․ Փաշինյան

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եթե ներկա իրավիճակը շարունակվի, նաև կսառեցնի իր անդամակցությունը դաշինքին դե յուրե։ Այդ մասին փետրվարի 28-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպե՞ս ենք մենք սառեցրել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դա նշանակում է հետևյալը, օրինակ, մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ արդեն մեկ տարի։ Մենք ՀԱՊԿ միջացառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում։ Չենք մասնակցում պարզ պատճառով, որովհետև չունենք հարցի պատասխանը, թե ինչու պիտի մասնակցենք»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2021-ից Հայաստանը ՀԱՊԿ-ին հարց է տվել, թե ո՞րն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին և այդ հարցի պատասխանը մինչ այժմ չի ստացել։ Ըստ Փաշինյանի՝ կարիք կա, որ ՀԱՊԿ-ն այդ հարցին պատասխանի և կոնսենսուսով ստորագրի այդ պատասխանի տակ։

«ՀԱՊԿ-ում հո մենք հյուր կամ դիտորդ չե՞նք, որ բողոքենք։ Մենք կազմակերպության լիիրավ անդամ ենք, ընդ որում՝ հիմնադիր անդամ։ ՀԱՊԿ-ը փոխանակ կատարելու Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար։ Դա սպառնալիք է ՀՀ անվտանգությանը»,- ասաց Փաշինյանը։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է:

Մեկնաբանել